Նորություններ
Լրահոս
«Առողջ սունկ» արտադրամասը Բյուրեղավանից կտեղափոխվի Ջրաբեր. կայացան հանրային լսումներ
01.04.2019
Բյուրեղավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ մարտի 29-ին Բյուրեղավան համայնքի Ջրաբեր վարչական տարածքում կայացել են հերթական հանրային լսումները:
Մասնակցության վերաբերյալ նախապես տեղեկատվությունը տարածվել էր համայնքի պաշտոնական կայքէջով, սոցիալական ցանցով և Հայաստանի Հանրապետություն օրաթերթով:
Լսումները տեղի ունեցան Ջրաբերի վարչական ղեկավարի նստավայրում, որտեղ հավաքվել էր գյուղի ակտիվը:
Հանրային քննարկումը՝ «Կապելո Բիանկո» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Բյուրեղավան համայնքի Ջրաբեր գյուղի՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության շարքը դասելու և նշված տարածքում սնկի կոմպոստի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ էր:
Հանդիպում-քննարկմանը ներկա էին Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, Ջրաբերի վարչական ղեկավար Գևորգ Հայրապետյանը:
Տնտեսվարող կողմից «Առողջ Սունկ» ՍՊԸ հիմնադիր Արեգ Ազոյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք կյանքի պիտի կոչվեն Ջրաբերում՝ արտադրամասը կառուցելուց հետո:
Նոր կառուցվող գործարանը լինելու է ժամանակակից չափորոշիչներով։ Այն հագեցած կլինի օդազտման և օդափոխման նորագույն տեխնոլոգիաներով, ինչը բացառելու է արտանետումներն ու տհաճ հոտի առկայությունը մթնոլորտում։
Համայնքի ղեկավարը բնակիչներին հորդորեց լինել ակտիվ և իրենց հուզող հարցերը ներկայացնել տնտեսվարողին: Տնտեսվարող կողմը վստահեցրեց՝ նոր գործարան հիմնելով կլուծեն գյուղում առկա բազմաթիվ սոցիալական խնդիրներ:
Այս թեմայով՝
Տարիներ շարունակ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող խնդիրը լուծում կստանա