Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Մարզում բնակվող ազգային փոքրամասնություններ

 Կոտայքի մարզում բնակվող ազգային փոքրամասնություններ

Կոտայքի մարզի 11 համայնքներում բնակվում են ռուս, եզդի, քուրդ, ասորի, հույն և այլ ազգերի ներկայացուցիչներ:

      Մարզի Զովունի, Նոր Գեղի, Արզնի, Քանաքեռավան բնակավայրերի  մուտքերի մոտ ազգային  փոքրամասնությունների  լեզուներով տեղադրված են տեղագրական  ցուցանակներ:

      Մարզում բնակվող ասորիները /Արզնի/ և եզդիները /Զովունի/  մասնակցություն   են ունենում   մարզային  և  համայնքներում  կազմակերպվող  մշակութային  միջոցառումներին:

    Զովունի, Քանաքեռավան և Նոր Գեղի համայնքներում, որտեղ խիտ խմբերով բնակվում են  եզդիներ, հայ երեխաների հետ նախադպրոցական ուսումնաական հաստատություններ են հաճախում  նաև  ռուս, եզդի, քուրդ, ասորի, հույն ազգերի երեխաներ:

   Նախկինում Զովունիի միջնակարգ դպրոցում կային եզդիերենի ուսուցմամբ դասարաններ: Արդեն երեք տարի է եզդիները նախընտրում են սովորել հայկական, իսկ ասորիները մայրենի լեզու ուսումնասիրում են ռուսական դասարաններում: Ասորերենի  ուսուցում իրականացվում է Արզնիի, իսկ եզդիերենինը`  Զովունիի, Քանաքեռավանի և Ջրվեժի միջանակարգ դպրոցներում,  դպրոցական բաղադրիչից հատկացված կամ արտադասարանական խմբակի համար նախատեսված  ժամերին, նախասիրական  խմբակներով:

      Մարզի Արզնի համայնքում և դպրոցում մեծ շուքով նշվում է ասորիների նոր Նոր տարին` Հաբ-Նիսանը և այլ ազգային տոներ, որոնց մասնակցում են ազգությամբ ասորի անվանի մշակութային և հասարակական գործիչներ: Պատշաճ մակարդակով են նշվում նաև եզդիների ազգային տոները` Նոր տարի /Մալաքե Թավուս/, Խըդր Նաբիի /եզդիների Սուրբ Սարգիսը/  տոնը և այլն, իսկ քրդերը տոնում են Նովրոզ  /Նոր տարի/: 

  Արզնի գյուղում համայնքի ղեկավարը և ավագանու 9 անդամներից 5-ը ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են /4 ասորի,1 եզդի/։

  Մարզի ազգային փոքրամասնությունները  ներկայացված են  նաև ՀՀ Ազգային ժողովում. Կնյազ Հասանով /Աբովյան, քուրդ/, Արսեն Միխայլով /Արզնի, ասորի/:

Ասորիներ

    Ասորիները  հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում և Հյուսիս-_Արևմտյան Իրանում: Նրանց մայրենի լեզուն ասորերենն է, որը ժամանակին  Առաջավոր  Ասիայում լայնորեն  տարածված  և  գրավոր ու խոսակցական լեզու հանդիսացող  արամեերենի, թերևս, միակ պահպանված բարբառն է:  Մինչև Հելլենիզմի տարածումը Հայաստանում, արամեերենը լայն կիրառություն ուներ նաև Հայոց արքունիքում: Այդ  լեզվով են գրված Արտաշես Առաջինի հողաբաժան սահմանաքարերը: Ըստ ավանդության` իր երկրային կյանքում այդ լեզվով է խոսել նաև  Հիսուս Քրիստոսը: 

  Ասորիները ներկայում բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Նախկինում ԽՍՀՄ-ում ապրել են 24.000 ասորիներ, որոնցից 5544-ը /ըստ 1970 թ.-ի մարդահամարի տվյալներիՀԽՍՀ-ում:  2011 թ.-ի հաշվարկներով Հայաստանում ապրում են 2, 769 մարդ։ Նրանք խոսում են նոր ասորերեն լեզվով, որը արամեերենի, եբրայերենի և արաբերենի պես պատկանում է սեմական լեզվաընտանիքինԻրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են /հիմնականում՝ նեստորականներ/։ 1826-1828  թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո շուրջ 100 տուն ասորիներ Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն  հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում /ներկայումս` Դմիտրովկա,  Արարատի մարզ/։ Հետագայում Կույլասարի ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի /Վերին Դվին/ և Արզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են նաև Արմավիրի մարզի  Նոր Արտագերս /նախկին՝ Մեծ Շահրիար/ գյուղում։ Ասորիների վերջին արտագաղթը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Հայերի նման ասորիները նույնպես Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին ցեղասպանության: Եղեռնից մազապուրծ եղած ասորիներից շատերը  հաստատվեցին Թիֆլիսում, Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում  և Ռուսաստանի այլ քաղաքներում։ Ռուսաստանում, ինպես նաև  Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող ասորիները  ռուսական ուղղափառ եկեղեցու հետևորդներ են: Իսկ, առհասարակ, աշխարհի տարբեր երկրներում ապրող  ասորիները ներկայացնում են չորս եկեղեցիներ՝ նեստորականներ, հակոբիկներ, սրյանիներ ու քլդյանիներ։ Ընդ որում, Սիրիայում «սրյանի» են կոչում  ուղղափառ և  կաթոլիկ եկեղեցիների հետևորդ ասորիներին։ Քլդյանիները Քաղդեական կաթոլիկ եկեղեցուն պատկանող ասորիներն են, ովքեր նախկինում պատկանել են Արևելքի եկեղեցուն։ Հակոբիկյան  եկեղեցին իր դավանանքով բավականին մոտ է Հայ Առաքելական եկեղեցուն:

  Ասորիների հիմնական ազգային տոներն են` Նոր տարի /Հաբ-Նիսան/, որը մեծ շուքով  նշվում է ապրիլի 1-ին: «Մարեզ»-ը կրոնական տոն է, որը նշվում է հունիսի 14-ին, իսկ հուլիսի 3-ին նշվում  է ասորական եկեղեցու տոնը: Ասորիները, որպես քրիստոնյաներ, նշում են նաև եկեղեցական այլ տոներ` Ծաղկազարդ /«Չալու Սուլակա»/, Զատիկ, Աստվածածնի վերափոխման տոն  և այլն: Իսկ օգոստոսի 7-ը Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված ասորիների հիշատակի օրն է:                             

 Թեև ասորիները Հայաստանում համարվում ենբ ազգային փոքրամասնություն, սակայն այն գյուղերում, որտեղ նրանք ապրում են խիտ խմբերով /այդ թվում`  նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքում/, այնտեղ, ըստ էության, մեծամասնություն են կազմում և ղեկավար դիրք են գրավում Տեղական ինքնակառավարման մարմիններում: Օրինակ` Արզնիում համայնքի ղեկավարը և Ավագանու 9 անդամներից 4-ը ասորիներ են: Ազգությամբ ասորի է նաև գյուղի  միջնակարգ դպրոցի տնօրենը: Ուշագրավ է, որ մարզի միակ Խորհրդային Միության հերոսը` Սերգեյ Սարխոշևը, նույնպես այդ գյուղից է: Արզնի համայնքից է նաև Հայաստանի ասորական «Աթուր» ասոցիացիայի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արսեն Միխայլովը:

      ՀՀ Կոտայքի մարզի համայնքներում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող բնակիչների թվաքանակը

    Ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքի հետևյալ էջում. 

http://www.gov.am/am/staff-structure/info/74/

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-18 18:44:22