Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Մարզում բնակվող ազգային փոքրամասնություններ

 Կոտայքի մարզում բնակվող ազգային փոքրամասնություններ

 Կոտայքի մարզի 11 համայնքներում բնակվում են ազգությամբ եզդի, ասորի, ռուս, քուրդ, հույն և այլ ազգության քաղաքացիներ, ովքեր ակտիվ մասնակցում են մարզային և համայնքային ծրագրերին ու նախաձեռնություններին:

 Մարզի Արզնի համայնքը համարվում է ասորական, իսկ Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում մեծ թիվ են կազմում եզդիները:

 Ասորիները /Արզնի/ և եզդիները /Զովունի/ մասնակցություն են ունենում մարզային և համայնքներում կազմակերպվող մշակութային միջոցառումներին:

 Ասորիները Հայաստանում հաստատվել են դեռևս 1826-1828 թվականներին Իրանի Ուրմիա քաղաքի մոտակա շրջաններից: Քանի որ քրիստոնյա ամենահին ժողովուրդներից մեկի ներկայացուցիչներն էին, կրոնը և հավատքը պահպանելու համար իրենց նոր բնակավայրերում կառուցել են եկեղեցիներ։

 Արզնի համայնքում է գտնվում ասորական «Մաթ Մարիամ» եկեղեցին, որտեղ էլ մատուցվում է պատարագ ասորերեն լեզվով, ազգությամբ ասորի քահանա Տեր Նիկադիմ Յուխանաևի կողմից, ով Արևելքի Ասորական Եկեղեցու առաջին հայաստանաբնակ քահանան է և այժմ Հայաստանում Արևելքի Ասորական Եկեղեցու հոգևոր առաջնորդն է։

 Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ համեմատաբար քիչ խնդիրներ կան ասորիների ինքնության պահպանման համար, և նրանք սիրով են ապրում այստեղ։
Արզնի համայնքը ներկայում ղեկավարում է ազգությամբ ասորի Ֆելիքս Վալերիևիչ Միրզոևը։ Արզնի համայնքում բնակվում են թվով 1235 ասորիներ։

 Համայնքի միջնակարգ դպրոցը կրում է ազգային հերոս Սերգեյ Սարխոշևի անունը, դպրոցում դասավանդվում է ասորորեն լեզուն։ Ասորի երեխաները կարողանում են գրել, կարդալ ասորերեն լեզվով, որը շատ է կարևորվում ասորական ընտանիքներում ազգային մշակույթի պահպանման համար։

 Ասորիները ունեն նաև ազգային խոհանոց, պատրաստում են ավանդական ուտեստներ, որոնց շարքում է Բուշալան՝ ասորական սպասը։ Ասորական եկեղեցական տոների անբաժան ու կարևոր մաս կազմող «Մրթուխան» ավանդական ծիսական ուտեստ է։ «Մրթուխա» պատրաստում են այն գյուղի բնակիչները, որտեղ գտնվում է այդ սրբին նվիրված եկեղեցին կամ մատուռը։ Նրանք հավաքում են մեծ քանակի ալյուր, հավկիթ, յուղ և կաթ, որոնք մեծ փայտով լավ հարում են մեծ կաթսայի մեջ` սկզբում յուղն ու ալյուրը, հետո օրհնված աղը, հարած ձուն, վերջում` կաթը: Ըստ ավանդության, «Մրթուխան» հարում են միայն տղամարդիկ, քանի որ մեծ ֆիզիկական ուժ է պահանջվում։ «Մրթուխան» բաժանելու կանոնները ևս շատ կարևոր են. առաջինը պետք է բաժին հանել հղիներին, տարեցներին և հիվանդ մարդկանց, տոնը նշվում է ամեն տարի ՝ հունիսի 14-ին։

 Ազգային ինքնության և մշակույթի պահպանման հարցը Արզնի համայնքի ասորիները ևս չափազանց կարևոր են համարում։ Այստեղ ամեն քայլափոխի կարելի է զգալ համայնքի բնակիչների մեծ սերն իրենց մշակույթի և, առհասարակ, էթնոսի հանդեպ։ Տեղի երիտասարդները ջանք ու եռանդ չեն խնայում մշակութային ավանդույթների պահպանման և ազգի շարունակականության համար։

 Արզնի համայնքում գործում են երգի և պարի «Գաբբարա» և «Աթուր» ասորական համույթները, որոնք կրում են ասորական անվանումներ։

 Համայնքում գործում է նաև հայ-ասորական մշակույթի տուն, որը նույնպես կրում է ազգությամբ ասորի կոմպոզիտոր Լեոնիդ Եդիգարովի անունը։ Համայնքում ամեն տարի կազմակերպվում են մշակութային միջոցառումներ: Դրանցից են Մագդակուծունյայ տոնը, որը նշվում է փետրվարի 28-ին, Խաբ Նիսանը (Ասորական նոր Տարի), որը նշվում է ապրիլի 1-ին, Չալ Սուլական, որը նշվում է մայիսի 28-ին, Մար Զայա սրբի տոնը, որը նշվում է հունիսի 14-ին, Մաթ Մարիամ սրբի տոնը (Շարա), որը նշվում է օգոստոսի 28-ին և Սուրբ Ծնունդը, որը նշվում է դեկտեմբերի 25-ին։

 Կոտայքի մարզի Նաիրի համայնքում (Զովունի) մեծ թիվ են կազմում եզդիները՝ 510 հոգի: Նաիրի համայնքում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հաճախում են համայնքի բնակավայրերում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններ, հիմնական և միջնակարգ դպրոցներ, չունեն առանձնացված հաստատություններ, ներգրավված են համայնքային հարցերում, տեղական ինքնակառավարման մարմիններում: Համայնքի ազգությամբ եզդի բնակիչները մասնակցում են Եզդիների միության նախագահի ղեկավարությամբ կազմակերպվող միջոցառումներին, նշում իրենց ազգային և կրոնական տոները։ Զովունիի միջնակարգ դպրոցում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ և բաց դասեր, գործում է եզդիերենի խմբակ։ Եզդիները իրենց կրոնական և ազգային տոներից համայնքում նշում են մի քանիսը: Դրանցից են՝ «Այդա Խդր Նաբի»-ն, որը սիրո հովանավոր հրեշտակ Սուրբ Խդր Նաբիի տոնն է: Այն նշվում է փետրվար ամսվա 3-րդ ուրբաթ օրը, որին նախորդող երեք օրերին եզդիները ծոմ են պահում: Այնուհետև եզդիները համայնքում նշում են «Կլոճը», որի ժամանակ տոնական գաթայի մեջ դնում են ուլունք և գաթան բաժանում ընտանիքի անդամների միջև: Այդ տոնը նշվում է մարտ ամսվա 3-րդ հինգշաբթի օրը: Ապրիլ ամսվա 3-րդ չորեքշաբթի օրը եզդիները համայնքում նշում են «Չարշամա Սոր» կամ «Այդա Տաուսե Մալակ» տոնը, որը նվիրված է եզդիների գլխավոր հրեշտակապետ Տաուսե Մալակին: Այս տոնին նախորդող երեքշաբթի օրը եզդիները ձու են ներկում, կրակ վառում, որը, ըստ ավանդության, պետք է լուսավորի գլխավոր հրեշտակապետի գալուստը Երկրի վրա: Հոկտեմբերի 11-ին Զովունիի եզդիները այցելում են իրենց նախնիների շիրիմներին․ սա ընդունված է դիտարկել որպես մեռելոցի օր: Դեկտեմբեր ամսվա 3-րդ ուրբաթ օրը Զովունիի եզդիները նշում են «Այդա էզդիդե Սոր» տոնը, որը նվիրված է Սուրբ Եզդիին, որից եզդիները ստացել են իրենց ինքնաանվանումը: Տոնին նախորդող երեք օրերին եզդիները ծոմ են պահում և միայն ուրբաթ օրը կատարում են բուն տոնը: Դեկտեմբերի 4-րդ հինգշաբթի օրը նշվում է Արևի Սուրբ հրեշտակ Շամսի պատվին պահվող ծոմը, իսկ բուն տոնը նշվում է դեկտեմբերի 3-րդ ուրբաթ օրը: Նշենք, որ եզդիների մոտ բոլոր տոները շարժական են: Սեպտեմբերի 29-ին, սրբավայրի օրը եզդիներն այցելում են Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում գտնվող սրբատեղին:

 Նաիրի համայնքում բնակվում են նաև ազգությամբ ռուս 57 քաղաքացիներ:
Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում բնակվում են եզդիներ, հույներ և ռուսներ:

 Հրազդանում գործում է Հրազդանի տարածաշրջանի ազգությամբ հույն քաղաքացիներին միավորող «ԱՆԱՍՏԱՍԻ» հունական հասարակական կազմակերպությունը՝ Էլլադա Մուրադովայի ղեկավարությամբ, ում տրամադրած տվյալներով, Հրազդանում բնակվում են ազգությամբ հույն 25 քաղաքացիներ:

 Մարզի Ծաղկաձոր համայնքում բնակվում են եզդիներ (79 հոգի), ռուսներ (187 հոգի), ուկրաինացիներ (42 հոգի), հույներ (17 հոգի) և այլ ազգության ներկայացուցիչներ:

 Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրում ապրող հույները պահպանում են իրենց ազգային ավանդույթները և կրոնական արժեքները, գործում է հունական եկեղեցի: Այստեղ ապրող հույները հունվարին նշում են Սուրբ Ծնունդը, որն ուղեկցվում էխաչի արարղությամբ: Նրանք պատրաստում են փայտե խաչ ու գցում հոսող գետը, և նա, ով խաչը հանում է գետից, ստանձնում է մյուսներին հովանավորողի դերը և պարտավորվում ամբողջ տարվա ընթացքում հոգ տանել բոլորի մասին: Օգոստոսի 25-ին նշում են Տիրամոր՝ Մարիամ Աստվածածնի օրը: Դեկտեմբերի 25-ից մեծ շուքով նշում են Ամանորը և Սուրբ Ծնունդը:

 Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի եզդի բնակչությունը փետրվարին նշում է Սուրբ Սարգսի տոնը՝ Խդրնավին:

 Ջրվեժ համայնքում բնակվում են ազգությամբ ռուս 27, ասորի՝ 1, եզդի՝ 398, ուկրաինացի՝ 4 և վրացի՝ 3 քաղաքացիներ:

 Բյուրեղավանում բնակվում են 99 ասորիներ, 102 եզդիներ, 9 հույներ, 33 ռուսներ, 6 վրացիներ, 6 ուկրաինացիներ, 15 քրդեր այլ ազգերի ներկայացուցիչներ:

 Ակունք համայնքում բնակվում է 243 եզդի և 32 քուրդ: Վերջիններս հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Ակունք համայնքում աշխատում է 1 քուրդ ուսուցիչ և մեկ համայնքային ծառայող:

 Նոր Հաճըն համայնքում ևս բնակվում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ 57 ռուսներ, 25 ասորիներ, 1 հույն, 5 ուկրաինացիներ, 3 վրացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ:

 Գառնի համայնքում բնակվում են 38 ռուսներ, 1 ասորի և այլ ազգերի ներկայացուցիչներ:

 Աբովյանում բնակվում են 107 ռուսներ, 29 ասորիներ, 763 եզդիներ, 23 քրդեր և այլ ազգերի ներկայացուցիչներ:

 Չարենցավան համայնքում բնակվում են այլ ազգերի շուրջ 254 ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, աշխատում են տարբեր արտադրամասերում, կարի ֆաբրիկաներում և համատիրություններում:

---------------------------------

 Ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքի հետևյալ էջում՝ 

http://www.gov.am/am/staff-structure/info/74/

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-29 12:26:02