Նորություններ
Լրահոս
Գողթում հիմքից կառուցվում է նոր դպրոց. Լիլիթ Ստեփանյանը Գողթում և Գեղարդում ծանոթացել է ՀՀ պետական բյուջեով և Կառավարության սուբվենցիոն ծրագրերով ընթացող աշխատանքներին
20.11.2026
Գառնի խոշորացված համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակում մարզպետ Լիլիթ Ստեփանյանը եղել է նաև Գեղարդ և Գողթ բնակավայրերում:
Մարզպետը Գեղարդում ծանոթացել է շուրջ 3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներին, շինարարների հետ զրուցել ընթացիկ խնդիրներից և հորդորել անել առավելագույնը՝ օր առաջ աշխատանքներն ավարտելու և որակյալ արդյունք արձանագրելու ուղղությամբ:
Աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության՝ «Դպրոց տանող ճանապարհների կառուցում և հիմնանորոգում» ծրագրով: Պատվիրատուն՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմն է:
Նման ծրագիր ընթանում է նաև Գողթ բնակավայրում, որտեղ մարզպետը ևս այցելել է, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Գողթում Լիլիթ Ստեփանյանը եղել է նաև ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով հիմքից կառուցվող նոր դպրոցի շինհրապարակում և պատասխանատուների ուղեկցությամբ շրջել տարածքում, ծանոթացել աշխատանքներին:
Այս բնակավայրում 2 մլրդ. 854 մլն. դրամ արժեքով կառուցվում է մեծ և ժամանակակից նոր դպրոց՝ նախատեսված Գողթ և Գեղարդ բնակավայրերից շուրջ 435 աշակերտների համար:
Գողթում Լիլիթ Ստեփանյանն այցելել է նաև բնակավայրի մանկապարտեզ, որի բակային հատվածի բարեկարգման աշխատանքներն առաջիկայում կմեկնարկեն համայնքային բյուջեով:









