Նորություններ
Լրահոս
Գեղադիրում հիմքից կառուցվում է նոր դպրոց, Գառնիում հիմնանորոգվում մանկապարտեզ. մարզպետ Լիլիթ Ստեփանյանը հետևել է աշխատանքներին
19.11.2026
Շարունակվում են Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը համայնքներ՝ տեղում ծանոթանալու ՀՀ պետական բյուջեով, Կառավարության սուբվենցիոն ծրագրերով և համայնքային բյուջեով իրականացվող աշխատանքներին:
Հերթական այցը Գառնի խոշորացված համայնքում էր, իսկ այցի առաջին կանգառը Գեղադիր բնակավայրում, որտեղ ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում այս պահին լայն թափով ընթանում են նոր դպրոցի կառուցման աշխատանքները:
Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանի, մարզպետի խորհրդականներ Ստեփան Բաղդասարյանի, Մհեր Գևորգյանի, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանի, վարչական ղեկավարների ուղեկցությամբ մարզպետը շրջել է կառուցվող դպրոցի տարածքում, շինարարների հետ քննարկել իրականացվող աշխատանքների ծավալը:
Դպրոցի կառուցման արժեքը շուրջ 3 մլրդ. դրամ է, նախատեսված է 288 աշակերտի համար: Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալուց հետո մարզի ղեկավարն այցելել է նաև Գեղադիրի մանկապարտեզ, որը նույնպես հիմնանորոգվել էր ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում:
Հաջորդ կանգառը Գառնի համայնքում էր, որտեղ կրկին ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում վերանորոգվում է համայնքի մանկապարտեզը:
Ինչպես Գեղադիրում, Գառնիում ևս շինարարի հետ զրույցում որպես առաջնահերթություն կարևորվել է որակյալ աշխատանքների իրականացումը և սահմանված ժամկետների պահպանումը:
Մյուս բնակավայրեր այցերի մասին' հաջորդիվ։










