Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանն անցկացրել է Մարզի խորհրդի նիստ
12.10.2026
ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանի գլխավորությամբ անցկացվել է Մարզի խորհրդի հերթական նիստ՝ մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Օրակարգի առաջին հարցով առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Անուշ Ղահրամանյանը ներկայացրել է մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական հաստատություններում իրականացվող աշխատանքների ծավալը՝ անդրադառնալով նաև այդ գործընթացում համայնքների ներգրավվածությանն ու դերակատարությանը։
Հաջորդիվ քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանն անդրադարձել է 2026 թվականին մարզի համայնքներում ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով և պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին։
Քննարկվել են նաև ճանապարհաշինական ծրագրերի, «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքն ու հրատապ ծրագրերով նախատեսված մանկապարտեզների շինարարության հարցերը։
Սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ Վասակ Վարդանյանը համայնքների ղեկավարներին հորդորել է խստորեն վերահսկել իրականացվող աշխատանքների որակն ու ժամկետները, ինչպես նաև մշտական ուշադրության կենտրոնում պահել մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները։
Համայնքների ընթացիկ տարվա բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները ներկայացրել է ֆինանսական վարչության պետ Համլետ Ստեփանյանը՝ անդրադառնալով նաև ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին ներդրված տարեկան աշխատանքային ծրագրերի առաջնահերթություններին և դրանց կատարման ցուցանիշային գնահատման համակարգին։
Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանն ընդգծել է, որ ցուցանիշային գնահատման համակարգը ենթադրում է սեփական եկամուտների հավաքագրման առավելագույն՝ 100 տոկոսին մոտ կատարողական, ինչը կարևոր նախապայման է հանդիսանալու 2027 թվականին սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու համար։
Ամփոփելով քննարկումը՝ Վասակ Վարդանյանը համայնքների ղեկավարներին հորդորել է ակտիվացնել բնակիչների հետ տարվող աշխատանքները և ձեռնարկել անհրաժեշտ աշխատանքներ՝ սահմանված առաջադրանքների առավելագույն կատարումն ապահովելու համար։








