Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի և Ֆրանսիայի Ռուասի Պեի դը Ֆրանս համայնքային միավորման միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
09.10.2026
ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանն ընդունել է Ֆրանսիայի Ռուասի Պեի դը Ֆրանս համայնքային միավորման պատվիրակությանը՝ նախագահ Պասկալ Դոլլի գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը, ֆրանսիական պատվիրակության անդամներ՝ Ֆրանսիայի Էկուան քաղաքի քաղաքապետ, Ապակենտրոնացված համագործակցության հարցերով պատասխանատու և խորհրդական Կատրին Դելբրան, Առնուվիլ քաղաքի քաղաքապետի տեղակալ Նեկտար Բալյանը, Սարսելի քաղաքային խորհրդական Սիբիրի Կոնատեն, Ապակենտրոնացված համագործակցության հարցերով օգնական Իզե Մոնսերան, Համագործակցության և մշակութային գործունեության խորհրդական Քսավիե Ռիշարը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ:
Վասակ Վարդանյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել Կոտայքի մարզ կատարած այցի համար՝ կարևորելով երկու երկրների միջև բարեկամական ամուր կապը և բարձր գնահատելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունն ու վերաբերմունքը:
Պասկալ Դոլլն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև համագործակցության ընդլայնումը՝ որպես փորձի փոխանակման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև արդյունավետ գործընկերության զարգացման կարևոր նախապայման։
Կողմերը մտքեր են փոխանակել ապակենտրոնացված համագործակցության զարգացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերային կապերի հաստատման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների շուրջ:
Հանդիպման շրջանակում Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանի և Ռուասի Պեի դը Ֆրանս համայնքային միավորման նախագահ Պասկալ Դոլլի միջև ստորագրվել է ապակենտրոնացված համագործակցության հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի երկու կողմերի միջև կապերի ամրապնդման և հետագա համագործակցության զարգացման համար։








