Նորություններ
Լրահոս
ՀՀ պետական բյուջեով հիմնանորոգվում է Մեղրաձորի միջնակարգ դպրոցը, իսկ Արտավազում կառուցվում է նոր կրթահամալիր
18.08.2026
ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանը և մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի հետ այցելել են Մեղրաձոր և Արտավազ բնակավայրեր՝ դիտարկելու ՀՀ պետական բյուջեով ընթացող շինարարական աշխատանքները:
Նրանց ուղեկցել են մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, վարչական ղեկավարներ:
Այցի առաջին կանգառը Մեղրաձոր բնակավայրում էր, որտեղ ՀՀ պետական բյուջեով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ հիմնանորոգվում է միջնակարգ դպրոցի շենքը:
Աշխատանքներն ավարտական փուլում են, և այս բնակավայրի շուրջ 294 աշակերտներ նոր ուսումնական տարին կդիմավորեն հիմնանորոգված, ամբողջովին կահավորված և լուսավոր դպրոցում: Ծրագրի արժեքը 467 մլն. 799 հազար դրամ է:
Հաջորդիվ այցելել են Արտավազ բնակավայրում հիմքից կառուցվող կրթահամալիրի շին.հրապարակ և դիտարկել իրականացվող աշխատանքները: Նոր կրթահամալիրը ևս կառուցվում է ՀՀ պետական բյուջեով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ, շուրջ 1 մլրդ. 533 հազար դրամ արժողությամբ: Այս կրթահամալիրի կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտել 2027 թվականին:


