Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
01.01.2026
Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ, ևս մեկ տարի մոտենում է ավարտին:
Անցնող տարին Կոտայքի մարզի համար եղել է կարևոր ծրագրերի իրականացման տարի: Այն նշանավորվել է ձեռքբերումներով, տարբեր ոլորտներում արձանագրված հաջողություններով և հաղթանակներով:
Մարզում իրականացվել և շարունակվում են կյանքի կոչվել մեր բնակիչների կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրեր, իսկ համայնքներում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով շարունակվել են կարևոր ենթակառուցվածքների արդիականացման, համայնքների կայուն և համաչափ զարգացման, կրթության, առողջապահության ոլորտների բարելավմանն ուղղված ծրագրերը:
2025 թվականին մարզում շահագործման ենք հանձնել նոր կառուցված մանկապարտեզներ, դպրոցներ: Մարզի համայնքներում ՀՀ կառավարության «մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրով այս պահին էլ ընթացքի մեջ են շուրջ 10 դպրոցների կառուցման և 8-ի վերանորոգման աշխատանքները:
Սիրելի՛ կոտայքցիներ,
Ամենասպասված և ընտանեկան տոն լինելուն զուգահեռ նոր տարին նաև արվածն ու չարվածն ամփոփելու, բացթողումների մասին խորհելու և ձեռքբերումներն արժևորելու առիթ է:
Կոտայքի մարզը տարին բավականին լավ ցուցանիշներով է ամփոփում. համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման մասով ունենք բարձր կատարողականներ:
Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման մասով ապահովել ենք գրեթե 100% կատարողական։ Սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման կատարողականը ևս գրեթե 100% է։
Սիրելինե՛րս, գալիք տարում ևս Կոտայքի մարզպետի աշխատակազմը շարունակելու է հետևողականորեն իրականացնել պետական ծրագրերի արդյունավետ իրականացման, նոր նախաձեռնությունների կյանքի կոչման և մարզի զարգացմանն ուղղված իր գործառույթները:
Թող Նոր տարին լինի նոր հնարավորությունների, համախմբված աշխատանքի տարի՝ ի նպաստ մեր սիրելի մարզի կայուն զարգացմանն ու առաջընթացին: Վստահ եմ, որ միասնական ջանքերով 2026 թվականին կշարունակենք շենացնել Կոտայքի մարզն ու մեր համայնքները՝ ստեղծելով արժանապատիվ ապագա մարզի յուրաքանչյուր բնակչի համար:
Եվ, իհարկե, եկող տարի նունպես առաջին տեղում լինելու է մեր քաղաքացիների ձայնը:
Սիրելի' կոտայքցիներ,
Թող գալիք տարում ձեր տներում տիրի ջերմություն, ուրախություն և հավատ վաղվա օրվա հանդեպ, թող Նոր տարին ձեր ընտանիքներին բերի սեր, բարօրություն և ժպիտներ, իսկ մեր երկրին՝ խաղաղություն:
Ցանկանում եմ, որ մենք բոլորս 2026 թվականին ավելի շատ սիրենք միմյանց, ավելի համախմբվենք, ավելի հզորանանք և մեր անխոնջ ու անտրտունջ աշխատանքով շենացնենք մեր երկիրը, մարզը, համայնք՝ հանուն մեր երեխաների լուսավոր ապագայի, հանուն հզոր և ապահով Հայաստանի Հանրապետության ու հանուն այն տղաների, ում կյանքի գնով այսօր կարողանում ենք դիմավորել Նոր տարին:
Խոնարհում բոլոր ընկած տղաների հիշատակին և փա'ռք կյանքի գնով պետական սահմանը պահած և այս պահին սահմանին կանգնած բոլոր զինծառայողներին:
Սեր, խաղաղություն բոլորի ընտանիքներում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:


