Նորություններ
Լրահոս
Ակունք համայնքում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ, կառուցվում է նոր կոյուղի, անցկացվում է ջրամատակարարման համակարգ
29.10.2025
ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզի Ակունք համայնքում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում։
Մասնավորապես,
Ակունք համայնքի Ակունք բնակավայրում 2024 և 2025 թվականների սուբվենցիոն ծրագրերով՝ երկու փուլով, կառուցվում է նոր կոյուղու ցանց։ Բնակավայրը կոյուղի երբևէ չի ունեցել, և ծրագիրը նաև բնապահպանական կարևոր նշանակություն ունի համայնքի ու հարակից բնակավայրերի համար։ Շահած ծրագրի արժեքն ավելի քան 398 մլն․ դրամ է։ Առաջին փուլն ավարտված է, երկրորդ փուլը նախատեսված է ավարտել 2026 թվականի սեպտեմբերին։
ՀՀ կառավարության 2024 թվականի մեկ այլ սուբվենցիոն ծրագրով ավարտվել է Ակունք համայնքի Ակունք բնակավայրի 13-րդ, 17-րդ և 18-րդ ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի արժեքը 56 մլն․ 913 հազար 334 դրամ է։
Ակունք համայնքի բոլոր բնակավայրերում ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքները շարունակվել են նաև 2025 թվականի տարբեր սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ասֆալտապատվել են Հատիսի 1-ին, 2-րդ, Նոր Գյուղի 12-րդ, Կոտայքի 1-ին, 4-րդ և 8-րդ, Կապուտանի 7-րդ, Սևաբերդի 2-րդ և 3-րդ, Զովաշենի 1-ին և 8-րդ, ինչպես նաև Պողոս Պետրոս սրբավայրի ճանապարհը։
2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում շուրջ 71 մլն․ 336 հազար 820 դրամ արժեքով վերակառուցվում է Ակունք համայնքի Զառ բնակավայրի ջրատարը։ Աշխատանքներն ավարտական փուլում են։
2025 թվականի սուբվենցիոն ծրագրով վարդագույն տուֆով սալապատման աշխատանքներ են իրականացվել Ակունք համայնքի Կապուտան բնակավայրում (15-րդ փողոց, 3-րդ փողոցի 3-րդ փակուղի) և Սևաբերդ բնակավայրում (5-րդ փողոց)։ Ծրագրի արժեքը կազմում է 32 մլն․ 105 հազար 840 դրամ։ Կոտայք բնակավայրում էլ ավարտական փուլում է ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրը՝ 79 մլն․ 853 հազար 471 դրամ արժողությամբ։
Համայնքը 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով ՀՀ կառավարության հետ համատեղ ֆինանսավորմամբ նաև կոյուղագծերի մաքրման մեքենա է ձեռք բերել՝ 65 մլն․ դրամ արժեքով։


