Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
01.09.2025

Սիրելի' աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ,
շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Նախ ուզում եմ շնորհավորել մեր առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին, քանի որ հենց այսօր եք դուք առաջին անգամ մտնում ձեր կյանքի ամենակարևոր կրթօջախներ` ձեզ համար անհայտ, խորհրդավոր, բայց հետաքրքրություններով, բացահայտումներով և գիտելիքներով լի:
Սիրելինե՛րս,
մաղթում եմ, որպեսզի կյանքի այս նոր ճանապարհը միայն լուսավոր պահերով ու խաղաղությամբ առաջնորդի ձեզ, իսկ գիտելիքն ու կրթությունը դառնան ամենակարևոր ու առաջնային պաշարները, որոնցով պիտի լցնեք ձեր միտքը, սիրտն ու կյանքը:
Մաղթում եմ նաև, որ ձեր ոսուցիչներին ու դասախոսներին վերաբերեք որպես ձեր նոր ճանապարհի ամենամոտ, ամենահարազատ ու կարևոր ուղեկիցների:
Եղեք ընկերասեր ու աջակցող: Այս որակները շատ կարևոր են անձի ձևավորման և կայացման փուլում և հենց այդ հատկանիշներն են օգնելու ձեզ դժվար պահերին և օրերին:
Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես Կոտայքի մարզի բոլոր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին:
Գիտելիքն ուժ է, ինչն օգնելու է ձևավորել վաղվա իրավագիտակից, կիրթ քաղաքացուն: Եվ թե ինչպիսի քաղաքացիներ կունենանք մենք վաղը, մեծապես կախված է նաև ձեզնից` սիրելի’ ուսուցիչներ, դասախոսներ:
Լավագույնն ու արժեքավորը փոխանցեք ձեր աշակերտներին և ուսանողներին` այն գիտակցումով, որ հզոր և զարգացած պետության հիմքում նաև կրթված ու խելացի քաղաքացին է:
Եվս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ մեր բոլոր մանկավարժներին, դասախոսներին, ծնողներին և, առհասարակ, կրթության ոլորտի բոլոր կազմակերպիչներին՝ մաղթելով ուժ, եռանդ, համբերություն՝ կրթական գործընթացի բարեփոխումները պատվով ընդունելու և իրականացնելու բարդ, բայց պատասխանատու և պատվաբեր ճանապարհին:
Իսկ պետությունն անում է առավելագույնը, որպեսզի կրթական գործընթացը կազմակերպվի ավելի բարեկարգ, ժամանակակից և լուսավոր միջավայրում:
Շնորհավորում եմ բոլորին և մաղթում տոնական բարձր տրամադրություն: