Նորություններ
Լրահոս
Ջրվեժ համայնքում կառուցվում է ուսումնամշակութային զարգացման կենտրոն, ասֆալտապատվում ներհամայնքային ճանապարհներ
15.07.2025
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ջրվեժ համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանի, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանի, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի հետ այցելել է Ջրվեժ համայնք, որտեղ այս պահին ակտիվ ընթանում են նոր ուսումնամշակութային զարգացման կենտրոնի կառուցման աշխատանքները:
Կենտրոնը կառուցվում է ՀՀ կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ ավելի քան 800 մլն. դրամ արժեքով՝ պետություն-համայնք 35 % - 65% համաֆինանսավորմամբ:
Աշխատանքների զգալի մասը կատարված է, արդեն իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ: Կենտրոնն ունենալու է դահլիճ, որը ծառայելու է նաև հարակից դպրոցին:
Կենտրոն է տեղափոխվելու նաև համայնքի երաժշտական դպրոցը, բացվելու են նոր խմբակներ:
Վերգետնյա երկու և ստորգետնյա մեկ հարկ ունեցող կենտրոնի կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
Մարզպետը համայնքի ղեկավարի և շինարարների հետ քննարկել է ընթացիկ աշխատանքները՝ ժամկետների ու որակյալ աշխատանքների խստիվ պահպանման անհրաժեշտությունը համարելով որպես առաջնահերթություն:
Հաջորդիվ դիտարկել են ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Ջրվեժ համայնքում ընթացող ներհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքները:
106 մլն. դրամ արժեքով և պետություն-համայնք 35 % - 65% համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրով կապիտալ ասֆալտապատվում է ավելի քան 2 կմ ճանապարհահատված Ջրվեժ, Ձորաղբյուր և Զովք բնակավայրերում: Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև հուլիսի վերջ:
Այստեղ ևս մարզպետը զրուցել է շինարարների հետ, քննարկել ընթացիկ հարցերը: