Նորություններ
Լրահոս
Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան իր դռներն է բացում առաջին ուսանողների համար
11.07.2025

Հայաստանի հյուրանոցային և ռեստորանային ոլորտների զարգացման գործում բարձր որակավորմամբ և մրցունակ աշխատուժի ձևավորմանը նպաստելու նպատակով Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL Group) հետ համատեղ մեկնարկում է մասնագիտական ուսուցման միջազգայնորեն ճանաչված ծրագիր՝ շվեյցարական կրթական մոդելով և լիցենզավորված Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL) կողմից:
Ակադեմիան իր դռներն է բացում առաջին ուսանողների համար Գյումրիում՝ «Grand Hotel Gyumri by Apricot» հյուրանոցում:
Մասնագիտական ուղղությունները Կոտայքի մարզում ներկայացնելու նպատակով Կոտայքի մարզպետի աշխատակազմում կայացել է հանդիպում Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի գլխավոր տնօրեն Խաչիկ Հակոբյանի, կրթական ծրագրերի ղեկավար Հայկուհի Գևորգյանի, Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի ծրագրի ղեկավար Իրինա Իգիթխանյանի, մարզում գործող հյուրանոցային և ռեստորանային օբյեկտների ներկայացուցիչների, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում հյուրեըը մանրամասն ներկայացրել են կրթական ծրագիրը և քննարկել համագործակցության ուղղությունները:
Ակադեմիան առաջարկում է ուսուցում 3 մասնագիտական ուղղություններով՝ «Խոհարարություն», «Սնունդ և խմիչք» (F&B), «Հյուրանոցային վարչարարություն»՝ ներգրավելով բարձր որակավորմամբ և փորձառու EHL կողմից վերապատրաստված և հավաստագրված մասնագետ/ դասավանդողների:
Ուսուցումն իրականացվելու է երեք ամիս՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման սկզբունքով, ևս երեք ամիս՝ աշխատանքային պրակտիկա:
Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան ավարտական սերտիֆիկատ և հնարավորություն կստանան շարունակել ուսուցումը կրթական հաջորդ մակարդակում կամ անցնել աշխատանքի իրենց մասնագիտությամբ: