Նորություններ
Լրահոս
Հրազդանի սանիտարական աղբավայրը շահագործման է հանձնվել
09.07.2025
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը:
14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ:
Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների կառուցապատման աշխատանքները։
Միաժամանակ, երկու մարզերի բոլոր բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման նպատակով մշակվել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները և կազմվել աղբի հավաքման օպտիմալ երթուղիները, սխեմաների հիման վրա ձեռք են բերվել անհրաժեշտ մեքենասարքավորումները։
Աղբահանության ծառայությունների մատուցման և աղբավայրերի ու փոխաբեռնման կայանների շահագործման համար երկու մարզի համայնքների կողմից հիմնադրվել ու գրանցվել է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն։