Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն անցկացրել է Մարզի խորհրդի հերթական նիստ
27.06.2025
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է Մարզի խորհրդի հերթական նիստ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների, մարզի համայնքների և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:
Նիստի օրակարգի առաջին կետով համայնքներում ընթացիկ տարվա սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներն է ներկայացրել ֆինանսական վարչության պետ Համլետ Ստեփանյանը: Այս պահին առկա տվյալներով, բոլոր հարկատեսակների մասով հավաքագրման ցուցանիշները բարվոք են, ինչը նաև բնակիչների հետ իրազեկման շարունակական աշխատանքների արդյունք է:
Հաջորդիվ քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ Գուրգեն Ավետիսյանը ներկայացրել է մարզի համայնքներում 2023-2024 թթ. սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները, ինչպես նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի և ծրագրային հայտերի մասին ամփոփ տեղեկատվություն:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրերով Կոտայքի մարզում նախատեսված դպրոցաշինության ընթացքին, ինչպես նաև պետական բյուջեով մարզում իրականացված և նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքներին:
Սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների հետ կապված՝ մարզի ղեկավարը ևս մեկ անգամ համայնքների ղեկավարներին հորդորել է հետևողական լինել, ակտիվ համագործակցել շինարարական ընկերությունների հետ, որպեսզի բացառվեն թերությունները, իսկ որակյալ աշխատանքների կատարումն ընդունվի որպես առաջնահերթություն:
Մարզի ճանապարհահատվածների հիմնանորոգման մրցույթների հետ կապված՝ մարզպետն առաջարկել է համակողմանի քննարկում կազմակերպել շահագրգիռ կառույցների հետ՝ շինարարական ընկերություններ ներգրավվելու և որակյալ աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Գուրգեն Ավետիսյանը զեկուցել է նաև մարզի համայնքներում 2025 թվականի առաջին կիսամյակում հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ իրականացված վերահսկողության, ոլորտում իրականացվող այլ աշխատանքների, ինչպես նաև նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին:
Ծավալվել է հարց ու պատասխան, համայնքների ղեկավարներին մտահոգող խնդիրները կգույքագրվեն ու կքննարկվեն պատասխանատու գերատեսչությունների հետ:
Օրակարգի հարցերի սպառումից հետո մարզպետ Ահարոն Սահակյանն անդրադարձել է մարզպետի աշխատակազմ-համայնք-ոստիկանություն համագործակցության կարևորությանը՝ քննարկման ներկայացնելով հատկապես մարզի հանգստյան գոտիների տարածքում ոստիկանության և համայնքների կողմից վերահսկողությունը մեծացնելու անհրաժեշտությանը: Քննարկվել են իրականացվելիք քայլերը՝ հատկապես այդ տարածքներում դեպքերն ու պատահարները նվազեցնելու և կանխարգելելու նպատակով:
Ուժային կառույցների գործընկերները ևս հանդես են եկել առաջարկով՝ համայնքներում, ինչպես նաև մարզի հանրակրթական դպրոցներում տեսախցիկներ տեղադրելու անհրաժեշտության մասին, որի ուղղությամբ թե՛ համայնքները, և թե՛ մարզպետի աշխատակազմը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում քայլեր կձեռնարկի:
Քննարկվել են այլ հարցեր ևս: