Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին
07.05.2025
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին, ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանին և ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետ Հովիկ Սաֆարյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը և Կոտայքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արմեն Հակոբյանը:
Հանդիպման մեկնարկին Էկոպարեկային ծառայության ղեկավարը ներկայացրել է ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետ Հովիկ Սաֆարյանին, որից հետո քննարկվել են մարզային վարչության առաջիկա համալրման հետ կապված ծավալուն հարցերի շրջանակ:
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով այցի համար՝ մարզպետ Ահարոն Սահակյանը կարևորել է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծված էկոպարեկային ծառայության գործունեությունը և վստահեցրել, որ վերապահված լիազորությունների շրջանակում Կոտայքի մարզպետի աշխատակազմը և մարզի ղեկավարը պատրաստակամ են համակողմանի աջակցության շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներում։
Վլադիմիր Կիրակոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով մարզպետների աշխատակազմերի հետ գործընկերային հարաբերությունների կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ ուղղված անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ոլորտի բարեփոխումներին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության առաջիկա համալրման աշխատանքների հետ կապված մի շարք մանրամասներ, անդրադարձ է կատարվել ծառայության նոր գործիքակազմի առկայությամբ և բարձր տեխնիկական հագեցվածությամբ պայմանավորված՝ պահպանության մեխանիզմների ոլորտում նախատեսվող որոշակի փոփոխությունների մասին բնակչության պատշաճ իրազեկումը:
Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունը նախնական փուլում տեղամասեր է ունենալու Հրազդան, Սևան և Ճամբարակ բնակավայրերում: