Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի մասնակիցներին
23.04.2025
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հյուրընկալել է արդեն 7-րդ անգամ մեկնարկած «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական փուլի մասնակիցներին:
Ծրագիրը մեկնարկել է ապրիլի 21-ից, տևելու է մեկ շաբաթ, ամենաշատ հայտերը ներկայացրել է Կոտայքի մարզը:
Մարզպետի աշխատակազմի հյուրերը Կոտայքի մարզի Նոր Հաճընի ավագ և Լոռու մարզի Արևածագ բնակավայրի միջնակարգ դպրոցների աշակերտներն էին, ովքեր նախորդ տարիներին ծրագրի շրջանակում հյուրընկալվել են տարբեր համայնքներում:
Աշակերտներին ուղեկցում էին Նոր Հաճընի ավագ դպրոցի տնօրեն Կարինե Գևորգյանը և դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով համակարգող Գայանե Կիրակոսյանը:
Ողջունելով ներկաներին հաճելի և հետաքրքիր այցի համար՝ մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհակալություն է հայտնել, որ ժամանակ և ցանկություն են հայտնել այցելելու նաև իրեն ու Կոտայքի մարզպետի աշխատակազմ, ծանոթանալու պետական կառավարման համակարգի գործունեությանը, կիսվելու իրենց տպավորություններով և քննարկելու ամենատարբեր հարցեր:
Ծրագրի շրջանակում մեկ շաբաթ Լոռու մարզի Արևածագ բնակավայրի միջնակարգ դպրոցի 4 աշակերտներ Կոտայքի մարզի Նոր Հաճընի ավագ դպրոցի իրենց հասակակիցների հետ կրթությունը շարունակելու են նույն դպրոցում, բնակվելու Նոր Հաճըն համայնքի ընտանիքներից մեկում, այցելելու մարզի հետաքրքիր և հիշարժան վայրեր, տեսնելու Կոտայքի մարզի գրավչությունները:
Այս ծրագիրը հայրենիքը ճանաչելու և սիրելու մասին է, որի առանցքում հայրենաճանաչությունն է, տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը, ուստի զրույցի ընթացքում մարզի ղեկավարն առաջարկել է արդեն իսկ կազմված ծրագրին ավելացնել ևս մեկը՝ իր նախաձեռնությամբ և Կոտայքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ ճանաչողական այց կազմակերպել Գառնի և Գեղարդ՝ տեսնելու պատմամշակութային վայրերն ու հուշարձանները: