Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը մասնակցել է ԼՂ-ից տեղահանվածների հարցերով նիստին
24.01.2025
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՏԿԵ նախարարությունում մասնակցել Է նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստին, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նիստի ընթացքում զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նախ ներկայացրել է բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքի, արդյունքների մասին, ըստ որի արդեն իսկ տրամադրվել է 502 հավաստագիր, որից 434-ն առաջին բաղադրիչով, 24-ը` երկրորդ, 44-ը` երրորդ։ Շուրջ 20 հավաստագիր հիփոթեքային վարկավորման գործընթացում է, որից 5-ն ավարտվել է։
Ներկայացվել է կատարված լրացում փոփոխությունները։
Փոփոխություն է նախատեսվում նաև 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկում` ներառելով 39 համայնքի 443 բնակավայր` նախկին 148-ի փոխարեն։
Խորհրդի նիստին հրավիրված էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը, ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մարտիրոսյանը և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը։
Խորհրդի անդամները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել ներկա ոլորտային պատասխանատուներին։