Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը շնորհավորել է ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ
07.01.2025
Սիրելի՛ նորակոչիկներ, մեկնարկում է 2024 թվականի ձմեռային զորակոչը և հիմա դուք եք մեկնում ծառայության՝ կատարելու հայրենիքի ու պետական սահմանների պաշտպանության սուրբ գործը:
Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է պետական սահմանից ու հայ զինվորից և յուրաքանչյուրիս պարտքն է պահել, պաշտպանել, փայփայել ու սիրել մեր հայրենիքը: Վստահ եմ, որ դուք հենց այս բարձր գիտակցումով եք մեկնում ծառայության և ձեր ավագ ընկերների գործը շարունակելու եք նույնքան պատվախնդրորեն և անձնվիարաբար:
Տղե՛րք, որպես մարզի ղեկավար և ձեր ավագ ընկեր, պիտի խնդրեմ ու հորդորեմ, որպեսզի ծառայությանը վերաբերվեք լրջորեն, լինեք խիզախ, զգոն, կարգապահ և որ ամենակարևորն է՝ ընկերասեր:
Այս հատկանիշներն են զինվորի համար ամենաանհրաժեշտն ու կարևորը՝ հաղթահարելու փորձությունները, դժվարությունները և պատվով անցնելու կյանքի կարևոր այս շրջափուլը:
Սիրե՛ք ու գնահատե՛ք ձեր հրամանատարներին, լսե՛ք նրանց խորհուրդները, ծառայակից ընկերներին ընդունե՛ք որպես եղբայրներ, միմյանց թիկունք դառնալով ծառայեք և ողջ ու առողջ վերադարձեք ձեր օջախներ:
Թող ձեր ծառայությունը անցնի խաղաղ պայմաններում :
Շնորհավորում եմ նաև բոլոր նորակոչիկների ծնողներին, հարազատներին, ընկերներին և մաղթում հպարտության զգացումին միախառնված համբերություն:
Անփորձանք ծառայություն մեր տղաներին և խաղաղություն մեր երկրին: