Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
01.01.2025
Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ, ավարտին է մոտենում 2024 թվականը:
Ամենասիրելի և ընտանեկան տոն լինելուն զուգահեռ, նոր տարին նաև պատեհ առիթ է՝ ամփոփելու արվածն ու չարվածը, վերլուծելու բացթողումները, գնահատելու ձեռքբերումներն ու մտածելու նոր անելիքների ու ծրագրերի մասին:
Դեռևս չլուծված հարցերի կողքին կարևոր եմ համարում արձանագրել նաև այն բարեփոխումները, որոնք ՀՀ կառավարության, Կոտայքի մարզի համայնքների և, իհարկե, մեր սիրելի քաղաքացիների հետ համատեղ ջանքերով իրականացրել ենք ընթացիկ տարում:
Պետական բյուջեով, ինչպես նաև ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերով մարզում այս տարի ևս կարևոր ենթակառուցվածքներ են արդիականացվել, լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվել, ՀՀ կառավարության ծրագրերով մարզում մեկնարկել են դպրոցների կառուցման աշխատանքներ, այս պահին ընթացքի մեջ են մի քանի մանկապարտեզների կառուցման ծրագրեր:
Մարզի առողջապահական հաստատություններում ևս շարունակական արդիականացման, վերազինման, նոր ծառայություններով համալրման աշխատանքներ ենք իրականացրել, ինչն էլ նպաստել է բժշկական կենտրոնների եկամուտների հոսքերի զգալի աճին՝ շուրջ 16,5%:
Կոտայքի մարզը տարին բավականին լավ ցուցանիշներով է ամփոփում նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման մասով:
Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման մասով ունենք 100% և ավել կատարողական։ Սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման կատարողականը ևս 100%-ից ավել է։
Մեր առաջնահերթություններում է ԼՂ-ից տեղահանված հայրենակիցների աջակցության, զբաղվածության, սոցիալական և տարաբնույթ այլ հարցերը, որոնք փորձել ենք և փորձում ենք լուծել: Դրանք լինելու են մեր ամենօրյա աշխատանքի առանցքում:
Կոտայքի մարզպետի աշխատակազմի կողմից մարզային ենթակայության դպրոցներում և առողջապահական հաստատություններում մեզ հաջողվել է աշխատանքի տեղավորել ԼՂ-ից տեղահանված շուրջ 275 մասնագետների՝ 25-ը առողջապահական հաստատություններում, 250-ը դպրոցներում:
Այս ամենի համատեքստում ամենակարևորը եղել և շարունակելու է լինել մեր քաղաքացիների ձայնը, որը միշտ է լսելի և կարևոր:
Սիրելի' կոտայքցիներ,
Ամանորն այն տոնն է, որին բոլորս առանձնահատուկ ենք սպասում:
Բնականաբար, 2025 թվականը դիմավորում ենք նոր սպասումներով, նոր ակնկալիքներով, բայց բոլորիս ամենամեծ երազանքը շարունակում է մնալ խաղաղությունը:
Ցանկանում եմ, որ մենք բոլորս 2025 թվականին ավելի համախմբվենք, ուժեղանանք, աշխատենք անտրտունջ՝ հանուն մեր երեխաների լուսավոր ապագայի, հանուն ուժեղ, անվտանգ ու ապահով Հայաստանի Հանրապետության ու հանուն այն տղաների, ում կյանքի գնով այսօր կարողանում ենք դիմավորել Նոր տարին:
Խոնարհում բոլոր ընկած տղաների հիշատակին և փա'ռք կյանքի գնով պետական սահմանը պահած և այս պահին սահմանին կանգնած բոլոր զինծառայողներին:
Սեր, խաղաղություն բոլորի ընտանիքներում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:


