Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն անցկացրել է Մարզխորհրդի տարեվերջյան նիստ

24.12.2024

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է Մարզի խորհրդի տարեվերջյան նիստ մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների, մարզի համայնքների ղեկավարների և բժշկական հաստատությունների պատասխանատուների մասնակցությամբ:

 Նիստի օրակարգի առաջին կետով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Հարություն Ալեքսանյանը ներկայացրել է Կոտայքի մարզի համայնքներում 2024 թվականին իրականացված իրավական և մասնագիտական հսկողության ուսումնասիրությունների արդյունքները:
ՏԿԵՆ նախարարի համապատասխան հրամանի համաձայն, 2024 թվականին իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացվել մարզի Հրազդան, Նոր Հաճըն, Ջրվեժ և Ակունք համայնքներում:

 Անդրադառնալով արդյունքներին՝ մարզի ղեկավարը համայնքների ղեկավարներին առաջարկել է խոշորացույցի ներքո պահել իրականացվող աշխատանքները՝ արձանագրված խախտումները և թերություններն այսուհետ բացառելու նպատակով:

 Նիստի օրակարգի երկրորդ կետով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացն է ամփոփել ֆինանսական վարչության պետ Համլետ Ստեփանյանը:

 Որոշ հարկատեսակների մասով ցուցանիշներն ավելի բարելավելու նպատակով մարզպետ Ահարոն Սահակյանը համայնքների ղեկավարներին հորդորել է 2025 թվականի բյուջեները կազմելիս կատարել նախորդ տարիների բյուջեների կատարողականների վերլուծություն և բյուջեի իրատեսական պլանավորում իրականացնել՝ հարկատեսակների առաջադրանքներում ներառելով նախորդ տարիների ապառքները:

 Հաջորդիվ քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը ամփոփել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները, ինչպես նաև ներկայացրել 2025 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի ներկայացման գործընթացը:

 Անդրադարձ է կատարվել 2024 թվականին պետական բյուջեով մարզում իրականացված ճանապարհաշինական աշխատանքներին: Ներկայացվել է նաև, որ 2025 թվականին մարզում նախատեսված է իրականացնել 38.335 կմ ասֆալտապատման աշխատանքներ:

 Հրաչյա Վարդանյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրերով Կոտայքի մարզում նախատեսված դպրոցաշինության ընթացքը. դպրոցաշինության ծրագրերով նախատեսված է մարզում կառուցել 20 դպրոց:

 Սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների հետ կապված՝ Ահարոն Սահակյանը ևս մեկ անգամ համայնքների ղեկավարներին հորդորել է հետևողական լինել, ակտիվ համագործակցել շինարարական ընկերությունների հետ, առավել ուշադրություն դարձնել տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություններին, որպեսզի բացառվեն խախտումներն ու թերությունները, իսկ որակյալ աշխատանքների կատարումն ընդունվի որպես առաջնահերթություն:

  Մարզի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է ամենօրյա անմիջական հսկողության ներքո պահել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, հողերի օտարման, դրանց հողային պաստառներում համայնքների ղեկավարների կողմից տրված շինթույլվությունների օրինականացման գործընթացը և, կանխարգելիչ քայլեր ձեռնարկել նշված գոտիներում գտնվող հողակտորների օտարումը բացառելու ուղղությամբ:

Նիստի օրակարգի վերջին կետով առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Անուշ Ղահրամանյանը ներկայացրել է մարզի առողջապահական հաստատությունների կողմից 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները:

  Ի դեպ, 2024 թվականին մարզի բժշկական կենտրոնները եկամուտների հոսքերի զգալի աճ են արձանագրել՝ շուրջ 16,5 %, ինչը պայմանավորված է բժշկական կենտրոնների շարունակական արդիականացման, վերազինման, նոր ծառայություններով համալրման և բազմապրոֆիլ բժշկական օգնություն և սպասարկում մատուցելու հանգամանքով:

  Մարզխորհրդի նիստի ավարտին մարզպետ Ահարոն Սահակյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել 2024 թվականի համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ արդյունավետ և գործընկերային համագործակցության արդյունքում այս տարի ևս մարզում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել:
:
Ահարոն Սահակյանը շնորհավորել է նաև գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն ու առաջընթաց մեր երկրին և բարօրություն ՀՀ բոլոր քաղաքացիներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-04 18:33:15