Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզը «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի 1-ին և 2-րդ մրցանակային տեղերի հաղթող
30.09.2024
Գեղարքունիքի մարզի «Արևիկ» հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում՝ շուրջ 20 կմ մրցատարածությունում տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի ամփոփ փուլը, որին մասնակցել են ՀՀ 66 դպրոցականներ :
Մրցաշարին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Մրցաշարն անցկացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև:
Ուրախությամբ հայտնում ենք, որ համառ մրցապայքարի արդյունքում 1-ին տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի թիմը (մարզիչ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մեժլում Չիչյան), մարզիկներ՝ Մաքսիմ Հարությունյան, Լուիզա Գրիգորյան:
2-րդ տեղը կրկին զբաղեցրել է Կոտայքի մարզը՝ Կապուտանի միջնակարգ դպրոցի թիմով (մարզիչ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վահագն Եղիազարյան), մարզիկներ՝ Արամ Սամսոնյան, Լյուդմիլա Քամալյան:
3-րդ մրցանակային տեղը զբաղեցրել է Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը։
Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4․000․000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2․500․000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1․500․000 ՀՀ դրամով:
Պարգևատրվել են նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները․ 1-ին տեղ՝ 700․000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500․000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300․000 ՀՀ դրամ:
Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150․000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100․000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75․000-ական ՀՀ դրամ։
Հաղթողներին պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Շնորհավորում ենք մեր բոլոր մարզիկներին Կոտայքի մարզի անունը բարձր պահելու համար: