Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ անցկացվել է Մարզխորհրդի նիստ

01.07.2024

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է Մարզխորհրդի հերթական նիստ՝ Կոտայքի մարզի համայնքների ղեկավարների և Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ:

 Նիստին ներկա էր նաև «Կոտայք» ՋՕԸ տնօրեն Գոռ Հակոբյանը:

 Նիստի օրակարգի առաջին կետով գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը ներկայացրել է Կոտայքի մարզում ոռոգման ջրի մատակարարման ընթացքը, առկա խնդիրները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրներն ավելի քիչ են, արձանագրված ցուցանիշները բարձր, ինչը պայմանավորված է նաև պետական և այլ ծրագրերով ոռոգման համակարգերի արդիականացման աշխատանքների իրականացմանը, որի արդյունքում ջրի կորուստները շոշափելի նվազել են, հավաքագրումներն ավելացել:

 Սա էլ իր հերթին, մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքների և «Կոտայք» ՋՕԸ հետ համատեղ աշխատանքի արդյունքն է:
«Կոտայք» ՋՕԸ տնօրեն Գոռ Հակոբյանի և համայնքների ղեկավարների հետ քննարկելով ոռոգման սեզոնի խնդիրները՝ մարզպետ Ահարոն Սահակյանն ընդգծել է նաև ներտնտեսային ցանցերի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերի անհրաժեշտությունը: Մարզի ղեկավարն այս կոնտեքստում համայնքների ղեկավարներին առաջարկել է ակտիվ համագործակցել «Կոտայք» ՋՕԸ -ի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի հետ՝ համայնքների ներտնտեսային ցանցը գույքագրելու և ՀՀ կառավարության որոշման համաձայն, ջրօգտագործող ընկերությանն անհատույց շահագործման հանձնելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու նպատակով:

 Անդրադարձ է կատարվել սուբվենցիոն հայտերում ներտնտեսային ցանցերի արդիականացման ծրագրերը ներգրավելու անհրաժեշտությանը:

 Ահարոն Սահակյանը համայնքների ղեկավարներին հորդորել է նաև ակտիվ աշխատանք տանել գյուղացիական տնտեսությունների հետ՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական ոլորտի ծրագրերից օգտվելու, ինչպես նաև ապահովագրական համակարգին միանալու նպատակով:

 Նիստի օրակարգի երկրորդ կետով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացն է ներկայացրել մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Համլետ Ստեփանյանը՝ ներկայացնելով բոլոր հարկատեսակների մասով առկա պատկերը:

 Որոշ հարկատեսակների մասով ցուցանիշներն ավելի բարելավելու նպատակով Կոտայքի մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորել է շարունակական աշխատանք տանել բնակիչների, ինչպես նաև համագործակցել մարզպետի աշխատակազմի մասնագետների հետ և բյուջեների իրատեսական պլանավորումներ կատարել:

 Հաջորդիվ քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը ներկայացրել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը:

 Մարզպետը ևս մեկ անգամ կարևորել է համայնքների ղեկավարների հետևողական և սրտացավ աշխատանքը և հորդորել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ցանկացած շինարարական աշխատանք՝ խախտումներն ու թերությունները բացառելու և որակյալ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը դիտարկելով որպես առաջնահերթություն:
Անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականին պետական բյուջեով մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին: Այս տարի ՀՀ պետական բյուջեով մարզում իրականացվելու է 47.85 կմ ճանապարհաշինական աշխատանքներ, որից 25.92 կմ-ի աշխատանքներն արդեն սկսվել են և ընթացքի մեջ են:

 Համայնքների ղեկավարների հետ քննարկվել են նաև ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացին վերաբերող հարցեր: Մարզի ղեկավարն ընդգծել է հատկապես միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հարակից տարածքներում առկա ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացի նկատմամբ խիստ հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը:

 Օրակարգային հարցերի ամփոփումից հետո հողաշինության բաժնի պետ Գուրգեն Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ և համայնքների ղեկավարներին առաջարկել՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում կազմել համայնքների հողերի հաշվեկշիռները, համաձայնեցնել այն համայնքների ավագանու հետ և ներկայացնել ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50