Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը 2024 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ
24.06.2024
Սիրելի՛ նորակոչիկներ, այսօրվանից մեկնարկում է 2024 թվականի ամառային զորակոչը, իսկ դա նշանակում է, որ արդեն ձեր հերթն է մեկնել ծառայության և միանալ հայրենիքի ու պետական սահմանների պաշտպանության սուրբ գործին:
Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է պետական սահմանից ու հայ զինվորից: Հայրենիքը մեկն է ու յուրաքանչյուրիս պարտքն է այն պահել, պաշտպանել, փայփայել ու սիրել:
Լիահույս եմ, որ դուք հենց այս բարձր գիտակցումով եք մեկնում ծառայության և վստահ եմ, որ ձեր ավագ ընկերների գործը շարունակելու եք պատվախնդրորեն և հպարտությամբ:
Տղե՛րք,
այսօր հուզմունքս ու հպարտությունս կրկնապատկված են, քանի որ ձեզ հետ միասին ծառայության է մեկնում նաև տղաս:
Որպես մարզի ղեկավար ու նաև որպես որդուն բանակ ճանապարհող ծնող, ձեր ավագ ընկեր, անկեղծորեն մաղթում եմ, որ ծառայությանը վերաբերվեք որպես սուրբ գործի, եղեք զգոն, շրջահայաց և որ ամենակարևորն է՝ ընկերասեր, եղբայրասեր:
Այս հատկանիշներն են օգնելու ձեզ հաղթահարելու փորձությունները, դժվարությունները և պատվով անցնելու կյանքի կարևոր շրջափուլի ճանապարհը:
Սիրե՛ք ու գնահատե՛ք ձեր հրամանատարներին, լսե՛ք նրանց խորհուրդները, ծառայակից ընկերներին ընդունե՛ք որպես եղբայրներ՝ միմյանց թիկունք դառնալով ծառայեք և ողջ ու առողջ վերադարձեք ձեր օջախներ:
Մաղթում եմ, որպեսզի ձեր ծառայությունը անցնի խաղաղ պայմաններում;
Շնորհավորում եմ նաև բոլոր նորակոչիկների ծնողներին, հարազատներին, ընկերներին և մաղթում հպարտության զգացումին միախառնված համբերություն:
Անփորձանք ծառայություն մեր տղաներին և խաղաղություն մեր երկրին: