Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ
21.06.2024
Հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի մասնագիտական տոն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ հատկապես Կոտայքի մարզի բոլոր բուժաշխատողներին՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետերին և, առհասարակ, առողջապահական համակարգի բոլոր կազմակերպիչներին:
Ի տարբերություն շատ այլ ոլորտների, առողջապահական համակարգի աշխատանքը միայն աշխատանք կոչել անհնար է, այն առաքելություն է, որի կենտրոնում մարդու առողջությունն է ու մարդկային կյանքերի փրկությունը:
Սիրելի՛ բուժաշխատողներ, շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ ուժ, կորով, համբերություն, որպեսզի էլ ավելի մեծ նվիրումով իրականացնեք ձեր առաքելությունը և մեր քաղաքացիները միայն ժպիտով ու գոհունակությամբ հեռանան ձեր աշխատասենյակներից:
Հիշեք՝ որքան բարդ ու պատասխանատու է ձեր աշխատանքը, այնքան պատվաբեր ու աստվածահաճո է:
Այնպես որ, ուժ ու եռանդ դժվարությունները հաղթահարելու ճանապարհին:
Շարունակեք նույն ջերմությամբ ու հոգատարությամբ իրականացնել ձեր անձնուրաց առաքելությունը և հավատացած եղեք, որ առողջապահական ոլորտի բարեփոխումները ՀՀ կառավարության առաջնահերթությունների առանցքում են. արվում է առավելագույնը, որպեսզի մարզի բոլոր բուժհաստատությունները գործեն ժամանակի պահանջներին համահունչ, և Կոտայքի մարզի քաղաքացիները սսպասարկվեն բացառապես մարզի բուժկենտրոններում ու ստանան որակյալ բուժօգնություն:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր ռազմական բժիշկներին:
Առողջություն ձեզ և ձեր ընտանիքներին: