Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում մեծ շուքով նշվել է Համբարձման տոնը
17.06.2024
Արժևորելով ազգային մշակույթի պահպանման և տարածման հրամայականը՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը կազմակերպել «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում կազմակերպել և մեծ շուքով անցկացրել է «Համբարձում է, գարուն է» խորագիրը կրող մարզային-մշակութային փառատոնը, որին մասնակցել են մարզի մշակութային կենտրոնների սաները:
Միջոցառմանը ներկա են գտնվել Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, վարչության աշխատակիցներ, Բյուրեղավանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, հյուրեր:
Միջոցառումը կազմակերպվել է Կոտայքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության և մարզի մշակութային կետրոնների սերտ համագործակցության արդյունքում:
Միջոցառմանը ներգրավված են եղել նաև Նուռնուս գյուղի բնակիչները, որոնց մասնակցությամբ էլ բեմադրվել է Համբարձման տոնին բնորոշ Սուտլիկ հարսանիք:
Ծիսական արարողակարգը կազմակերպվել է Բյուրեղավանի մշակույթի տան «Ծիլք» ազգագրական համույթի սաների կողմից՝ գեղարվեստական ղեկավար Միքայել Խաչատրյանի և Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի շնորհալի սաների մասնակցությամբ՝ տնօրեն Գոհար Գոգոլյանի գլխավորությամբ:
Բազմերանգ միջոցառումը համեմված է եղել մարզի արտադպրոցական հաստատությունների լավագույն սաների կողմից ներկայացված նկարչական պլեներով՝ զուգահեռ Մեղրաձորի մարզամշակութային կենտրոնի տնօրեն Գոհար Գոգոլյանը կազմակերպել է խաչբուռի պատրաստման վարպետաց դաս, Չարենցավանի քաղաքային գրադարանի Շողեր թատերախումբը հանդես է եկել թատերական հումորային ներկայացմամբ, իսկ Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ասմունքի խմբակի ասները միջոցառումն ամբողջացրել են ասմունքով:
Փառատոնի բոլոր մասնակիցները Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի կողմից ստացել են խորհրդանշական նվերներ, նկարիչները տարվա ընթացքում ցուցաբերած լավագույն աշխատանքի համար պարգևատրվել են Կոտայքի մարզպետի հավաստագրերով, իսկ կազմակերպիչները՝ շնորհակալագրերով:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին, մասնակիցներին և միջոցառմանը ներգրավված բոլոր անձանց՝ փառատոնը բարձր մակարդակով իրականացնելու համար: