Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Նաիրի համայնքում էր՝ ներկայացնելու ՀՀ կառավարության կողմից մեկնարկած բնակապահովման ծրագիրը
12.06.2024
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումը՝ Կոտայքի մարզպետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը Կոտայքի մարզում բնակվող մեր հայրենակիցներին ներկայացնելու և ընթացակարգային հարցերին պարզաբանումներ տալու նպատակով:
Հերթական իրազեկման այցով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը աշխատանքային խմբի և Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի ու Նոր Հաճըն խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի հետ այցելել է Նաիրի համայնք, արվեստի դպրոցում հանդիպել նշված համայնքներում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ներկարացրել կառավարության ծրագիրը:
Աշխատանքային խումբը ղեկավարում է մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ում գլխավորությամբ արդեն իսկ իրազեկման աշխատանքներ են իրականացվել Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան խոշորացված համայնքներում:
Իրազեկման աշխատանքներին ներգրավված են նաև մարզպետի խորհրդականներ Ստեփան Բաղդասարյանը, Հայկ Ալեքսանյանը և Մհեր Գևորգյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:
Հանդիպումները պարբերական բնույթ են կրում, որոնց մասին մարզի համայնքների կողմից իրազեկում կլինի: