Նորություններ
Լրահոս
Հրազդան համայնքում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ևս իրազեկվել են ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի մասին
10.06.2024
Շարունակվում են աշխատանքային հանդիպումները մարզում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ:
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ՝ մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբն այս անգամ Հրազդան համայնքում է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մեկնարկած բնակապահովման ծրագիրը:
Հիշեցնենք, որ ծրագրի շահառու կդառնան այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն ՀՀ քաղաքացիություն։
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների համար պետք է մոտենալ Երևանում՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ նախկին անձնագրային ստորաբաժանումներ:
Պատասխանատուները մանրամասն ներկայացրել են ծրագրի վերաբերյալ ընթացակարգային քայլերը և պատասխանել ներկաների հարցերին:
Հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, որոնց մասին մարզի համայնքների կողմից իրազեկում կլինի: