Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգ» միջոցառման կապակցությամբ
24.05.2024
Սիրելի' շրջանավարտներ,
շնորհավորում եմ ձեր կյանքի ամենահիշարժան օրվա՝ «Վերջին զանգ»-ի կապակցությամբ։
Այսօր բոլորիդ մոտ հակասական զգացմունքներ են՝ հուզմունք, տխրություն և ուրախություն միախառնված։
Սիրելի' շրջանավարտներ,
արդեն հարազատ դարձած դպրոցից հեռանում եք՝ թողնելով մանկության ու պատանեկության մի մասնիկը, մտնում եք նոր աշխարհ, ուր ձեզ սպասում են կյանքի նոր կանոններ, փորձություններ ու նոր հետաքրքրություններ։
Մաղթում եմ, որ ձեր կյանքի այս նոր ճանապարհորդությունը սկսեք առանց խոչընդոտների ու արգելքների, վառ ու լուսավոր ապագայի հանդեպ անսպառ հավատով, լավատեսությամբ ու կրթության կարևորության ամենաբարձր գիտակցումով։
Հավատացած եղեք, որ կրթությունը մարդու կյանքի ամենաարժեքավոր ձեռքբերումն է, ցանկացած իրավիճակում հիմնական կողմնորոշիչը։
Լիահույս եմ, որ ձեր ուսուցիչների փոխանցած գիտելիքները, նրանց սերն ու նվիրվածությունը խոր արմատներ ունեն յուրաքանչյուրիդ սրտում, գիտակցության մեջ և ձեզ կուղղորդեն կյանքի բարդ իրավիճակներում։
Պահեք ու փայփայեք այն վեհ սկզբունքներն ու գաղափարները, որ սովորել եք ձեր հարազատ դպրոցում, իսկ հայրենասիրությունն ու ընկերասիրությունը թող լինեն ձեզ առաջնորդող ամենակարևոր հատկանիշները։
Սիրելի' ուսուցիչներ, ծնողներ,
շնորհավորում եմ նաև ձեզ ու շնորհակալություն հայտնում սիրո, նվիրումի, հոգատարության և համագործակցության, մեր աշակերտներին կրթելու, աջակցելու և նրանց կողքին լինելու համար։
Վստահ եմ, որ նրանք ձեզնից ստացած գիտելիքներն ու հմտությունները կօգտագործեն ճիշտ և նպատակային և մեր երկրի համար կդառնան արժանապատիվ և հայրենասեր քաղաքացիներ։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին և մաղթում տոնական բարձր տրամադրություն։