Նորություններ
Լրահոս
Չարենցավանում կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
30.04.2024
Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը:
ՀՀ վարչապետի և ներկաների հետ հետևել ենք մրցաշարի եզրափակիչ մրցախաղերի ընթացքին: Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մինչ պարգևատրման արարողությունը, հանձնվել են շնորհակալագրեր:
Այս տարի առաջին անգամ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարն անցկացվել է բացառապես դպրոցականների համար:
Ընդհանուր առմամբ, հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45%-ն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում: Մրցումներին Երևանի և ՀՀ մարզերի 626 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել:
Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով:
Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները պարգևատրվել են
- 1-ին տեղ՝ 4 մլն դրամ
- 2-րդ տեղ՝ 2,500,000 դրամ
- 3-րդ տեղ՝ 1,500,000 դրամ:
Պարգևատրվել են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները
- 1-ին տեղ՝ 700,000 դրամ
- 2-րդ տեղ՝ 500,000 դրամ
- 3-րդ տեղ՝ 300,000 դրամ:
Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով
- 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական դրամ
- 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական դրամ
- 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:
Վարչապետը պարգևներ է հանձնել 10-12-րդ դասարանների մրցանակակիրներին` Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի, Երևանի Ալեքսանդր Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ դպրոցի և Թեղուտի միջնակարգ դպրոցի աշակերտներին: 5-9-րդ դասարանների մրցանակակիրներին՝ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի, Երևանի թիվ 104 հիմնական դպրոցի, Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների պարգևները հանձնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Պարգևատրումից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին կայացած մրցաշարի կապակցությամբ։