Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում տեղի է ունեցել հանդիպում՝ քննարկելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագիրը

03.04.2024

 Կոտայքի մարզում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ կառավարության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների, Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու այս պահին Կոտայքի մարզում բնակվող մեր հայրենակիցների հետ՝ քննարկելու բնակապահովման ծրագրի, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերն ու հանդիպող խնդիրները, լսելու մեր հայրենակիցներին հուզող հարցերի ու առաջարկների մասին:

 Հանդիպմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանը, Հռիփսիմե Հունանյանը, Դավիթ Առուշանյանը, ներկայացուցիչներ Միգրացիոն ծառայությունից, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ, կացարանի և կոմունալ վճարների աջակցության 40 + 10 ծրագիրը շարունակվելու է մինչև տարեվերջ:

 Նոր որոշմամբ, ծրագրի շահառու են հանդիսանում նաև 2020 թվականի պատերազմի արդյունքում տեղահանված անձինք: Ներկայացվել է նաև բնակարանի ապահովման ծրագիրը, որը քննարկման փուլում է։ Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարիների ընթացքում, իսկ այդ ընթացքում այն ընտանիքները, ովքեր դեռևս ձեռք բերած չեն լինի տուն, կշարունակեն պետության կողմից ստանալ սոցիալական աջակցություն։

 Ծրագրով նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3–5 միլիոն դրամ՝ կախված բնակավայրից։ Առաջին հերթին ծրագրի շահառու են դառնալու 3 կամ ավել անչափահաս ունեցող ընտանիքները, զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք նույնպես ունեն անչափահասներ, ինչպես նաև հաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ունեցող ընտանիքները։

 Այնուհետև ծրագրից կօգտվեն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ապա այլ խմբերի ներկայացուցիչները։

 Բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալու գլխավոր պայմանը ՀՀ քաղաքացի դառնալն է, իսկ տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին՝ այդ ամբողջ ժամանակահատվածում տվյալ տանը կամ բնակարանում բնակվելու դեպքում։

 Ներկայացվել են նաև ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի, առողջապահական, կրթական, փաստաթղթերի կարգավորման հետ կապված ծրագրերի վերաբերյալ որոշակի մանրամասներ։

 Ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող բոլոր հարցերը, որոնց մի մասին տեղում տրվել են մանրամասն պարզաբանումներ և պատասխաններ, մյուսները գույքագրվել են կառավարության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների և Կոտայքի մարզպետի աշխատակազմի կողմից՝ առաջիկայում քննարկելու և լուծելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50