Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն ընդունել է «Հայաստանի աջակցման ծրագրի« ներկայացուցիչներին
06.03.2024
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Անցումային նախաձեռնությունների գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի աջակցման ծրագրի« շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է ծրագրի ներկայացուցիչներին՝ ԱՄՆ ՄԶԳ Անցումային նախաձեռնությունների գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Քեթրին Փրյուդոմին, «Հայաստանի աջակցման ծրագրի« ղեկավար Ռանա Դադանյանին:
Հանդիպմանը ներկա էին նաև Կոտայքի մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը, Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հովսեփյանը:
Հանդիպման նպատակն էր՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանի կառավարությանն աջակցության տրամադրման կոնտեքստում քննարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Կոտայքի մարզում բնակվող մեր հայրենակիցների խնդիրները և շահագրգիռ կողմերի ներգրավմամբ արձագանքել ԼՂ- ում տեղի ունեցած իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակին:
Ողջունելով ներկաներին՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհակալություն է հայտել ԱՄՆ-ի կառավարությանն ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակին՝ պետությանը ցուցաբերվող բազմակողմանի աջակցության և հոգատարության համար:
Զրուցակիցները քննարկել են ներկայում Կոտայքի մարզում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները, մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքապետարանների կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, ԼՂ-ից տեղահանված անձանց հետ տարվող աշխատանքները, մտքեր փոխանակել համագործակցության հնարավորությունների և ուղղությունների շուրջ:
Քեթրին Փրյուդոմը նշել է, որ գրասենյակն աշխատում է Հայաստանի կառավարության հետ, սակայն իրավիճակը տեղերում հասկանալու և հնարավոր ծրագրերի իրականացման նպատակով անհրաժեշտ են համարում այցելել մարզեր՝ տեղում գնահատելու կարիքները, վերլուծելու աջակցության ուղղությունները՝ դրանք թիրախային և հասցեական իրականացնելու նպատակով:
Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ մարզպետը պատրաստակամություն է հայտնել իր և մարզպետի աշխատակազմին վերապահված լիազորությունների շրջանակում աջակցել ծրագրի իրականացման բոլոր փուլերի ընթացքում: