Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում կկառուցվեն 15 դպրոցներ
31.01.2024
Կառավարության 300 դպրոցի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում Կոտայքի մարզում նախատեսված է մինչև 2026 թվականը կառուցել 15 դպրոց:
Դպրոցներ կկառուցվեն Զառ, Գեղադիր, Արագյուղ, Մայակովսկի, Կոտայք, Արգել, Գողթ, Պռոշյան, Զովունի, Լեռնանիստ, Արամուս, Նուռնուս, Արտավազ, Կամարիս, Կապուտան բնակավայրերում:
Մինչ նշված դպրոցների կառուցման շինարարության մեկնարկը, համայնքների կողմից ստացված առաջարկները քննարկելու, առկա խնդիրներին բովանդակալից լուծումներ գտնելու նպատակով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը քննարկման էր հրավիրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ԿԳՄՍ նախարարության փորձագետներին:
Քննարկմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ծրագրում ընդգրկված համայնքների, վարչական շրջանների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ:
Աշխատանքային քննարկման ընթացքում մանրամասն ուսումնասիրվել են բոլոր դպրոցների հայտերը, նախագծերը, համայնքների կողմից ներկայացված առաջարկները:
Խնդրահարույց դպրոցների մասով դիտարկվել են լուծման օպտիմալ տարբերակներ, որպեսզի դպրոցաշինությանը և ուսումնական հաստատություններում անվտանգ, հագեցած և արդիական միջավայրի ու ռեսուրսների ապահովմանն ուղղված կառավարության կարևոր ծրագրից որևէ դպրոց դուրս չմնա
Շնորհակալություն հայտնելով ներկաներին բովանդակալից քննարկման համար և ընդգծելով կառավարության ծրագիրը որպես առանցքային և լրջագույն քայլ՝ մարզպետ Ահարոն Սահակյանը հորդորել է մեկտեղել ջանքերը, որպեսզի բոլոր 15 դպրոցների կառուցումն իրականություն դառնա, ու մեր երեխաները երկու տարի անց իրենց կրթության իրավունքն իրացնեն լուսավոր, բարեկարգ և ժամանակակից լուծումներով կառուցված գեղեցիկ դպրոցներում:
Ի դեպ, դպրոցների բուն շինարարության մեկնարկը նախատեսված է հունիսին, իսկ այդ ընթացքում մարզպետի աշխատակազմի կողմից համապատասխան աշխատանքներ կիրականացվեն կրթական գործընթացի անընդհատությունն ապահովելու և աշակերտների կրթությունը հարակից բնակավայրերի դպրոցներում կազմակերպելու ուղղությամբ: