Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը ձմեռային զորակոչի կապակցությամբ

08.01.2024

 Հանրապետության և Կոտայքի մարզի սիրելի՛ զորակոչիկներ,

 մեկնարկում է ձմեռային զորակոչը, իսկ սա նշանակում է, որ արդեն ձեր հերթն է մեկնելու ծառայության և պաշտպանելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանները:

 Զինվորական կյանքն, անշուշտ, տարբերվում է այն կյանքից, որը մինչև օրս եք ապրել, բայց այն առավել կարևոր և պատվաբեր է, քանի որ ստանձնում եք նոր պարտավորություն՝ պաշտպանելու հայրենիքը:

 Այսօրվանից ոտք եք դնում նոր փորձություններով, բացահայտումներով ու հետաքրքրություններով լի աշխարհ ու թե ինչպիսին կլինի այն ձեզ համար, մեծապես կախված է հենց ձեզանից, ձեր հմտություններից, կամքից, հայրենասիրությունից:
Այս նոր շրջափուլում մաղթում եմ ողջախոհություն, աչալրջություն, ուժեղ և ամուր կամք:

 Սիրելի՛ զորակոչիկներ,

 Ձեր ծառայությանը վերաբերեք մեծագույն սիրով ու պատասխանատվությամբ, հարգեք ձեր հրամանատարներին և նրանց վերաբերեք ավագ ընկերների, եղեք ընկերասեր, քանի որ օրհասական պահերին հենց այդ կարևոր հատկանիշն է օգնում առաջ գնալ, դիմակայել դժվարություններին և պատվով հաղթահարել հանդիպող խոչընդոտները:

 Համբերություն և տոկունություն եմ մաղթում նաև մեր բոլոր զորակոչիկների ծնողներին, ընկերներին, հարազատներին:

 Թող խաղաղություն թևածի մեր երկրում, մեր սահմաններին:
Խաղաղության պայմաններում կատարեք ձեր նվիրական պարտքը հայրենիքին և արդեն կայացած պաշտպաններ վերադառնաք ձեր օջախներ:

 Անվտանգ ծառայություն ձեզ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50