Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

31.12.2023

 Սիրելի հայրենակիցներ, կոտայքցիներ,

 Եվս մեկ տարի մոտենում է ավարտին:

 Ամանորն այն տոնն է, որին բոլորս առանձնահատուկ ենք սպասում: Այն պատեհ առիթ է' ամփոփելու արվածն ու չարվածը, խորհելու ձեռքբերումների ու նաև կորուստների մասին:

 Ցավով եմ արձանագրում, որ այս տարին համայն հայության համար կրկին ուղեկցվեց պատերազմով, փորձություններով, պայքարով. ավաղ, նաև ցավալի կորուստներ ունեցանք:

 Սիրելինե'րս,

 բայց և հարկ եմ համարում առանձնացնել այն հոգատարությունը, որ հատկապես վերջին երեք ամիսներին մենք ցուցաբերեցինք միմյանց հանդեպ և մեր համատեղ ջանքերի, փոխըմբռնման, սիրո և գիշեր ու զօր աշխատանքի արդյունքում կարողացանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր շուրջ 25000 հայրենակիցների ընդունել Կոտայքի մարզում' մինչ օրս էլ մարզպետի աշխատակազմի, Կոտայքի մարզի համայնքապետարանների և պարզապես սրտացավ քաղաքացիների հետ համագործակցությամբ փորձելով լուծել մեր քույր- եղբայրների բազմաթիվ հարցեր' սոցիալական, զբաղվածության և այլն:
Անհատապես շնորհակալություն բոլորին:

 Ի դեպ, Կոտայքի մարզն ամենամեծ թվով մեր հայրենակիցներին է ընդունել:

 Տարածաշրջանային լուրջ սպառնալիքներին զուգահեռ չենք կարող չարձանագրել նաև այն բարեփոխումները, որոնք իրականացրել ենք Կոտայքի մարզում այս տարի:
Պետական բյուջեով, ինչպես նաև կառավարության սուբվենցիոն ծրագրերով մարզում կարևոր ենթակառուցվածքներ են արդիականացվել ու արդիականացվում, աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվել, կառավարության ծրագրերով երկու մոդուլային դպրոցներ ենք բացել Ջրառատ և Կաթնաղբյուր բնակավայրերում, այս պահին ընթացքի մեջ են մի քանի մսնկապարտեզների կառուցման աշխատանքները:

 Այս ամենի մեջ, սակայն, ամենակարևորը մեր քաղաքացիների ձայնն է ու վստահեցնում եմ, որ այն միշտ լսելի է և կարևոր:

 Սիրելի' կոտայքցիներ,

 բնականաբար, 2024 թվականը դիմավորում ենք նոր սպասումներով, նոր ակնկալիքներով, բայց բոլորիս ամենամեծ երազանքը շարունակում է մնալ խաղաղությունը, որը մեզ համար դարձել է օդ ու ջրի պես անհրաժեշտ:
Մենք չպիտի ընկճվենք փորձություններից, հարվածներից, հակառակը, ընդունելով խնդիրները որպես փաստ և ուղիղ նայելով դրանց' պիտի ուժեղանանք, համախմբվենք, աշխատենք օր ու գիշեր' հանուն մեր երեխաների լուսավոր ապագայի, հանուն ուժեղ, անվտանգ ու ապահով Հայաստանի Հանրապետության, հանուն ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍԻՐՈ' ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀՒ ու հանուն այն տղաների, ում կյանքի գնով մենք այսօր կարողանում ենք դիմավորել Նոր տարին:

 Խոնարհում բոլոր ընկած տղաների հիշատակին և փառք կյանքի գնով պետական սահմանը պահած և այս պահին սահմանին կանգնած բոլոր զինծառայողներին:
Սեր, խաղաղություն բոլորի ընտանիքներում:

 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50