Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է Մարզխորհրդի տարեվերջյան նիստ

28.12.2023

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անց է կացրել Մարզի Խորհրդի տարեվերջյան նիստ մարզի համայնքների ղեկավարների և Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ:

Նիստի օրակարգի առաջին կետով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Հարություն Ալեքսանյանը ներկայացրել է Կոտայքի մարզի համայնքներում 2023 թվականին իրականացված իրավական և մասնագիտական հսկողության ուսումնասիրությունների արդյունքները:
ՏԿԵՆ նախարարի համապատասխան հրամանի համաձայն, 2023 թվականին իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացվել մարզի Չարենցավան և Արզնի համայնքներում:

 Անդրադառնալով արդյունքներին՝ մարզպետը համայնքների ղեկավարներին առաջարկել է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել՝ սեղմ ժամկետում արձանագրված թերություններն ու խախտումները վերացնելու նպատակով:
Նիստի օրակարգի երկրորդ կետով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացն է ամփոփել մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Համլետ Ստեփանյանը՝ ներկայացնելով բոլոր հարկատեսակների մասով տարեվերջին առկա պատկերը:

 Այս ուղղությամբ պատկերը գոհացուցիչ է. սակայն որոշ հարկատեսակների մասով ցուցանիշներն ավելի բարելավելու նպատակով մարզի ղեկավարը համայնքների ղեկավարներին հորդորել է շարունակական աշխատանքներ տանել համայնքների բնակիչների, ինչպես նաև համագործակցել մարզպետի աշխատակազմի մասնագետների հետ և բյուջեների իրատեսական պլանավորումներ կատարել:
Հաջորդիվ քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը ամփոփել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները, ինչպես նաև ներկայացրել 2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի ներկայացման գործընթացը:

 Անդրադարձ է կատարվել նաև 2023 թվականին պետական բյուջեով մարզում իրականացված ճանապարհաշինական աշխատանքներին:
Այս տարի աննախադեպ ծավալի ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվել մարզում:

 Ընթացիկ տարում մարզի տարածքում հիմնանորոգվել, վերանորոգվել է շուրջ 117 կմ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ:
Սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների հետ կապված՝ մարզպետ Ահարոն Սահակյանը ևս մեկ անգամ համայնքների ղեկավարներին հորդորել է հետևողական լինել, ակտիվ համագործակցել շինարարական ընկերությունների հետ, որպեսզի բացառվեն խախտումներն ու թերությունները՝ որակյալ աշխատանքների անհրաժեշտությունը դիտարկելով որպես առաջնահերթություն:

 Օրակարգային հարցերի ամփոփումից հետո միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական բնապահպանական հարցերի և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկմանն է անդրադարձել հողաշինության վարչության պետ Գուրգեն Ավետիսյանը՝ ազդակիր համայնքների ուշադրությանը ներկայացնելով քննարկման ենթակա հարցերին:
Հայտարարությամբ է հանդես եկել նաև գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը՝ անդրադառանալով կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական ոլորտի բազմաթիվ ծրագրերին:

Իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մարզպետ Ահարոն Սահակյանն առաջարկել է համայնքների ղեկավարներին ակտիվորեն համագործակցել մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտի պատասխանատուների հետ:

 Մարզխորհրդի նիստի ավարտին մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհակալություն է հայտնել 2023 թվականի համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ արդյունավետ և գործընկերային համագործակցության արդյունքում այս տարի մարզում աննախադեպ ծավալի աշխատանքներ են իրականացվել:
Ահարոն Սահակյանը հույս է հայտնել, որ գործընկերային մթնոլորտում արդյունավետ աշխատանք է ակնկալում նաև հաջորդ տարի: Վերջինս շնորհավորել է նաև գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն մեր երկրին, որպեսզի ՀՀ քաղաքացին ապրի ու արարի ավելի անվտանգ ու ապահով հայրենիքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59