Նորություններ
Լրահոս
Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ վերգետնյա հետիոտնային անցում կկառուցվի
24.11.2023
Երկար սպասված նորություն Կոտայքի մարզի Վերին Պտղնի բնակավայրի բնակիչների համար:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 9+600-ում (Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ) վերգետնյա հետիոտնային անցումի կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման հայտարարություն և հրավեր (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԽԾՁԲ-2024/2Ն):
Խոսքն այն անցումի մասին է, որի կառուցման նպատակով շատ երկար և հետևողական համատեղ աշխատանք է տարվել Վերին Պտղնի բնակավայրի Նորավան թաղամասի բնակիչների մասնակցությամբ և ՏԿԵ նախարարության, Կոտայքի մարզպետի աշխատակազմի, Աբովյան համայնքի գործընկերների ներգրավմամբ:
Հիշեցնենք, որ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ վերգետնյա անցումի կառուցման անհրաժեշտության մասին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին պարբերաբար դիմում էին Վերին Պտղնի բնակավայրի բնակիչները: Նրանք բարձրաձայնում էին, որ նշված ճանապարհահատվածի երթևեկությունը բավականին խիտ է, և բազմիցս վրաերթեր ու ավտոպատահարներ են տեղի ունեցել՝ ընդհուպ մահվան ելքերով:
Վերջիներս ներկայացրել էին իրենց առաջարկները, և քննարկվել էր լուծման տարբերակներ:
Բնակիչների հետ աշխատանքային կարգով քննարկումներ են եղել թե՛ մարզպետի աշխատակազմում, և թե՛ մարզպետ Ահարոն Սահակյանի ու Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի այցերով բնակավայր:
Խնդրի վերաբերյալ մարզի ղեկավարի դիրքորոշումը միանշանակ էր ու հստակ և սկսվեցին քննարկումները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի, Աբովյանի համայնքապետարանի և պատկան այլ կառույցների հետ՝ որևէ ծրագրով և բազմակողմանի համագործակցությամբ բարձրաձայնված խնդրին լուծում տալու նպատակով:
Եվ այսօր արձանագրում ենք, որ արդեն իսկ կա վերգետնյա հետիոտնային անցումի կառուցման նախագծի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման հայտարարություն և հրավեր:
Սա համագործակցված աշխատանքի արդյունքում հաջողության արձանագրումն է, որն ուղղված է մեր քաղաքացիների համար անվտանգ միջավայրի ապահովմանը:
Սա քաղաքացիների և պետական կառույցների համագործակցության փայլուն օրինակ է, ինչը նշանակում է, որ ճիշտ ճանապարհին ենք:
Մեր քաղաքացիների ձայնը միշտ լսելի է:
---------------------
Լուսանկարները Վերին Պտղնի բնակավայր Կոտայքի մարզպետի այցերից են: