Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ
01.09.2023
Սիրելի' աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ,
շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Այս առիթով նախևառաջ ուզում եմ շնորհավորել մեր առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին:
Սիրելինե՛րս,
այսօրվանից ձեզ համար սկսվում է կյանքի նոր շրջափուլ՝ իր հետաքրքրություններով, կարևորությամբ և բացահայտումներով:
Մաղթում եմ, որպեսզի կյանքի այս նոր ճանապարհը միայն լուսավոր պահեր պարգևի, գիտելիքն ու կրթությունը դառնան ամենակարևոր ու անհրաժեշտ ռեսուրսը, իսկ ձեր ոսուցիչներն ու դասախոսները՝ ձեր ճանապարհի կարևոր ուղեկիցները:
Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես Կոտայքի մարզի բոլոր աշակերտներին, ուսանողներին: Մաղթում եմ, որպեսզի կրթությանը վերաբերվեք ամենայն լրջությամբ՝ գիտակցումով, որ գիտելիքն ուժ է, իսկ գիտելիքով հարուստ աշակերտը, ուսանողը մեր պետության, հասարակության համար գիտակից ու անպարտ ՔԱՂԱՔԱՑԻՆ է:
Սովորեք, կրթվեք, լսեք ձեր ուսուցիչներին ու դասախոսներին՝ նրանց ընդունելով որպես ավագ ընկերների ու ամենակարևոր խորհրդատուների, եղեք ընկերասեր, օգնող և աջակցող, որպեսզի ձեր հարազատ դպրոցից ու ԲՈՒՀ-ից քաղեք միայն լավագույնն ու արժեքավորը:
Ի սրտե շնորհավորում եմ նաև մեր բոլոր մանկավարժներին, դասախոսներին, ծնողներին և, առհասարակ, կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ մաղթելով ուժ, կորով, համբերություն՝ կրթական գործընթացի բարեփոխումները պատվով ընդունելու և իրականացնելու դժվարին, բայց կարևոր ճանապարհին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում տոնական բարձր տրամադրություն: