Նորություններ
Լրահոս
Աբովյան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի 73 աշակերտներ այսուհետ կրթություն կստանան նորակառույց և լուսավոր դպրոցում
01.09.2023
Այսօր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանի հետ այցելել են Կաթնաղբյուրի հիմնական դպրոց և մասնակցել նորակառույց դպրոցի բացման պաշտոնական արարողությանը:
Այս բնակավայրի երեխաներն այսուհետ հաճախելու են ժամանակակից լուծումներով կառուցված և կահավորված լուսավոր դպրոց:
Դպրոցը կառուցվել է ՀՀ կառավարության՝ «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում:
Մինչև 140 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես կրթարաններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ:
Կաթնաղբյուրի հիմնական դպրոցն այս տարի ընդունել է 73 աշակերտի. նրանցից 7-ն առաջին դասարանցիներ են:
Կազմակերպված միջոցառման ընթացքում մարզպետը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի, ինչպես նաև նոր դպրոցի կառուցման կապակցությամբ, որից հետո շրջայց են կատարել դպրոցի տարածքում՝ ծանոթանալով իրականացված աշխատանքներին: