Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բալահովիտում և Նոր գյուղում հիմքից կառուցվում են մանկապարտեզներ, Աբովյանում էլ հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ. Կոտայքի մարզպետը համայնքներում էր

24.08.2023

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ շրջայց է կատարել Աբովյան, Բյուրեղավան և Ակունք համայնքներ՝ ընթացող աշխատանքներին տեղում ծանոթանալու, շինարարների հետ զրուցելու նպատակով:

Այցի առաջին կանգառը Աբովյան համայնքում էր:

  Մարզպետը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ նախ դիտարկել են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող շուրջ 550 մետր երկարությամբ ներհամայնքային ճանապարհահատվածը:
Աբովյան համայնքի Գետարգել բնակավայրում ևս սուբվենցիոն ծրագրով՝ ավելի քան 51 մլն. դրամ արժեքով հիմնանորոգվել է 530 մետր երկարության կենտրոնական ճանապարհը:

  Երկու ծրագրերն էլ իրականացվում են պետություն-համայնք՝ 35% - 65% համաֆինանսավորմամբ:

  Աբովյանում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ ավելի քան 137 մլն. դրամ է ներդրվել քաղաքի Զ. Անդրանիկ և Է. Ավագյան փողոցները միմյանց կապող սանդուղքի հիմնանորոգման նպատակով: Աստիճանները հիմնովին քանդվել են՝ նոր, հարմարավետ, ժամանակակից պայմաններով վերակառուցելու նպատակով: 130մ երկարությամբ և 10 մետր լայնությամբ սանդուղքի մեջտեղի հատվածը լինելու է կանաչապատ տարածք, կառուցվելու է նորմատիվներին համապատասխան թեքահարթակ՝ սահմանափակ կարողություններով և հաշմանդամ անձանց տեղաշարժը դյուրին դարձնելու նպատակով: Սանդուղքը կառուցվում է 35% պետական և 65% համայնքային ֆինանսավորմամբ:
Նշենք, որ քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող սանդուղքը խորհրդային տարիներին էր կառուցվել, սակայն ոչ լիարժեք ու անկախացումից հետո այն առաջին անգամ հիմնովին նորոգվում է պետության և համայնքի համատեղ ներդրմամբ:

  Մարզի ղեկավարը զրուցել է շինարարների հետ, որոշ դիտարկումներ արել հարակից տարածքի կանաչապատումն իրականացնելու և սանդուղքի շահագործումը լիարժեք դարձնելու նպատակով:
Այնուհետև Ահարոն Սահակյանը եղել է Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրում, որտեղ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ 158 մլն. դրամ արժեքով, կառավարության 70% և համայնքի 30% համաֆինանսավորմամբ հիմքից կառուցվում է 70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ:
Այս բնակավայրում երբևէ մանկապարտեզ չի գործել:

  Շինարարների հետ քննարկվել են ընթացիկ խնդիրները. Ահարոն Սահակյանը կարևորել է որակյալ և սահմանված ժամկետներին համապատասխան աշխատանքների իրականացումը, ինչպես նաև որոշ դիտարկումներ արել՝ բակի բարեկարգման աշխատանքները ևս որևէ ծրագրում ընդգրկելու նպատակով:

  Հաջորդիվ կանգառը Բյուրեղավան համայնքում էր, որտեղ կառավարության 2023 և 2024 թթ. սուբվենցիոն ծրագրերով մեկնարկել են մարզադպրոցի կառուցման աշխատանքները:

  Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ներկայացրել է, որ առաջին փուլով իրականացվում է երկհարկանի շենքի կառուցում: Մարզադպրոցն ունենալու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմաններ, գործելու են տարբեր մարզաձևերի խմբակներ:

  Բյուրեղավանի մարզադպրոցի կառուցման ծրագրի արժեքը 627 մլն. դրամ է, որից 35%-ը պետության, 65%-ը համայնքի ներդրումն է: Առաջին փուլով նախատեսվում է կատարել 243 մլն. դրամի ներդրում:

  Գերհագեցած աշխատանքային այցի ընթացքում Կոտայքի մարզպետը եղել է նաև Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրում, որտեղ կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմքից կառուցվում է մանկապարտեզ:

  Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը նշել է, որ շենքի կառուցումն ավարտին կհասցնեն մինչև տարեվերջ: 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում էլ նախատեսում են գույքի ձեռքբերում, բակի բարեկարգում, և մանկապարտեզը շահագործման հանձնել 2024 թվականի սեպտեմբերից:
Նոր գյուղում շատ երկար տարիներ մանկապարտեզ չի գործել: Կառուցվող շենքը նախատեսված է 90 երեխայի համար, գործելու է երեք խմբով: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 205 մլն. դրամ է, որից 70 %-ը պետական բյուջեի, 30 %-ը՝ համայնքի ներդրումն է:

  Այստեղ ևս մարզպետի կողմից կարևորվել է որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50