Նորություններ
Լրահոս
Հրաչյա Ղափլանյանի 100-ամյակին նվիրված Կոտայքի մարզային թատերական մրցույթ-փառատոնի Գրան Պրին Աբովյանի Երեխաների աջակցության կենտրոնի «Հրաշք» թատերախմբինն է
31.07.2023
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ Նաիրի համայնքի Քասախի արվեստի դպրոցում տեղի է ունեցել Հրաչյա Ղափլանյանի 100-ամյակին նվիրված Կոտայքի մարզային թատերական մրցույթ-փառատոնը:
Առաջին օրը մրցութային էր, իսկ 2-րդ օրը տեղի է ունեցել Գալա համերգ և մրցանակաբաշխություն:
Գալա-համերգի բացումը վստահված էր Քասախի արվեստի և Զովունիի երաժշտական դպրոցների սաներին։
Փառատոնին մասնակցել են մարզի 7 թատերական խմբեր:
- Գրան Պրի մրցանակին է արժանացել Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի «Հրաշք» թատերախումբը
- 1-ին տեղ` Չարենցավանի քաղաքային գրադարանի «Շողեր» թատերախումբը
- 2-րդ տեղ` Աբովյանի դրամատիկական թատրոնին կից գործող թատերական ստուդիան
- 3-րդ տեղ` Քասախի արվեստի դպրոցի թատերախումբը։
Լավագույն բեմականացված աշխատանք է ճանաչվել Քասախի արվեստի դպրոցի սիրողական թատերախումբը։
Փառատոնի Գալա-համերգի ընթացքում հայտնի են դարձել նաև «Լավագույն դերասան ու դերասանուհի» և «Լավագույն երկրորդ պլանի դերասան ու դերասանուհի» տիտղոսակիրները:
Մրցույթ-փառատոնի գնահատող հանձնախմբի անդամներն էին` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն, ռեժիսոր-պրոդյուսեր Էմին Թորոսյանը, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Վիգեն Թադևոսյանը և դերասանուհի Անի Վարդանյանը և «Բոհեմ» թատրոնի դերասանուհի, ռեժիսոր, բեմադրիչ Ռուզաննա Մանուչարյանը։
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի անունից պատվոգրեր, շնորհակալագրեր և մրցանակներ են հանձնվել փառատոնի մասնակիցներին և կազմակերպիչներին:
Նշենք նաև, որ արդեն 2-րդ տարին անընդմեջ Կոտայքի մարզի դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում նվաճումների հասած աշակերտների դիպլոմների հանձնման արարողությունը կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից կազմակերպվում է տոնական միջավայրում, և փառատոնի ավարտին տեղի է ունեցել նաև մեր աշակերտներին շնորհավորելն ու դիպլոմներ հանձնելը: