Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Վարդավառ» փառատոնը կայացավ

17.07.2023

 Կոտայքի մարզի Գառնի համայնքում կայացել է «Վարդավառ» փառատոնը, որը համախմբել էր Հայաստանի և արտերկրի հազարավոր հյուրերի։
Փառատոնն այս տարի ընդգրկվել է ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակութային միջոցառումների տարեկան ծրագրում:

  Արդեն 10-րդ տարին է, որ Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ Գառնիում նշվում է Վարդավառ փառատոնը և այս տարի ևս ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի ու Երիտասարդական ակումբների դաշնության համատեղ գործակցությամբ և Գառնիի համայնքապետարանի աջակցությամբ իրականացել է տոնը։

  Մարզի տարբեր համայնքներ մեծ ոգևորվածությամբ են միացել այս գունագեղ տոնախմբությանը։

 Քասախի արվեստի դպրոցի «Երկնքից ծագած ծովն ի վար» բեմադրությամբ է ազդարարվել «Վարդավառ» փառատոնի սկիզբը։ Չարենցավանի «Անդոկ» ավանդական երգի և պարի խումբը ներկայացրել է Յարխուշտա, Քերծի,Կարնո Քոչարի։

  Բյուրեղավանի «Ծիլք» ազգային երգ ու պարի համույթն ազգային երգերի և պարերի շարքով է ներկայացել, «Մշու սարեր մշուշ է» երգով, «Գյովնդ, լեյլմ լե», «Հանիգնար», «Փափուռի» պարերով։

  «Հաճըն» պարային անսամբլը ներկայացել է «Հայաստան» պարով։

  Գայանե Ավդալյանն ու կիթառահար Գևորգ Ղազարյանն էլ հանդես են եկել Խաչատուր Ավետիսյանի «Անուշ հովիկ» և Գուսան Աշոտի «Լուսնի շողով» երգերի կատարմամբ։

  Առաջին անգամ «Վարդավառ» փառատոնին էին միացել Հայաստանի ազգային փոքրամասնություն ներկայացնող Արզնի համայնքի ասորական «Աթուր» երգի և պարի համույթը՝ «Փեդա» մարտիկների պարով։ Փառատոնի ավարտին Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային և Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոնների ներկայացմամբ ցուցադրվել է «Խնդումի» ծեսը։
Գառնու տաճարի տարբեր հատվածներում երիտասարդների մասնակցությամբ ազգային խաղերն էին ներկայացվում, Չարենցավանի քաղաքային գրադարանի «Շողեր» թատերախմբի սաները տիկնիկային ցուցադրություն են ներկայացրել, իսկ Մեղրաձորի մարզամշակութային կենտրոնի տնօրեն Գոհար Գոգոլյանը կազմակերպել էր վարպետաց դասեր փառատոնի մասնակիցների և հյուրերի համար։

  Այսպիսով, Հայ առաքելական եկեղեցու տաղավոր տոներից մեկի՝ Վարդավառի տոնը մեծ շուքով և տոնական բազմերանգությամբ է նշվել Կոտայքի մարզում:
Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 09:13:50