Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը մասնակցել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված արարողությանը
30.06.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը, որին ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, օրենսդիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, պաշտպանության նախարարի տեղակալները, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Շնորհավորելով ներկաներին ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ համալսարանը մեծ ավանդ ու ներդրում ունի բանակաշինության կայացման գործում։
Սուրեն Պապիկյանը նաև շեշտել է, որ այսօր՝ 29 տարի անց, ռազմական համալսարանը նոր հանգրվանի առաջ է կանգնած. այն վերածվում է ռազմական ակադեմիայի՝ իր կազմում ներառելով նաև ռազմաավիացիոն համալսարանը։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր շնորհավորական խոսքում անդրադարձ է կատարել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման պատմությանը և ներկայիս ընդլայնված ռազմակրթական գործունեությանը:
Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամաններով համալսարանի մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է անձնակազմի հանդիսավոր երթով և ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթով:
Ներկաներն այնուհետև հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև: