Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անց է կացրել Մարզի Խորհրդի նիստ

30.06.2023

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անց է կացրել Մարզի Խորհրդի հերթական նիստ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

 Նիստի օրակարգի առաջին կետով համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին զեկույցով հանդես է եկել մարզպետի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Համլետ Ստեփանյանը՝ ներկայացնելով բոլոր հարկատեսակների մասով առաջին կիսամյակի դրությամբ առկա պատկերը:

 Համայնքների կողմից գեներացվող սեփական եկամուտների հավաքագրման պլանավորումը առկա իրողություններին համապատասխանեցնելու նպատակով մարզպետը համայնքների ղեկավարներին առաջարկել է, համագործակցելով մարզպետի աշխատակազմի մասնագետների հետ, կատարել համայնքների նախորդ տարիների բյուջեների վերլուծություն և առաջիկայում կազմակերպել բյուջեի իրատեսական պլանավորում և կազմում, ինտենսիվ աշխատանքներ տանել նաև բնակիչների հետ՝ ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:

 Օրակարգի շրջանակում քաղաքաշինության վարչության պետ Հրաչյա Վարդանյանը ներկայացրել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին:

 2023 թվականին Կոտայքի մարզից կա հաստատված սուբվենցիոն 39 ծրագիր՝ ընդհանուր 11.5 մլրդ դրամ բյուջեով: 39 ծրագրերից 17-ը սկսել են շինարարական աշխատանքները, իսկ մնացածը գտնվում են պայմանագրերի կնքման փուլերում:

 2024 թվականին պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու նապատակով Կոտայքի մարզի 11 համայնքների կողմից ներկայացվել է 53 ծրագրերի հայտ`ընդհանուր 11.5 մլրդ. դրամ արժեքով:

 Սուբվենցիոն ծրագրերի մասով մարզի ղեկավարը մարզի համայնքների ղեկավարներին հորդորել է խիստ ուշադրություն դարձնել հատկապես պայմանով հավանության արժանացած ծրագրերին և մինչև համապատասխան մրցույթ հայտարարելը լրամշակել սուբվենցիայի փաթեթները ոլորտային գերատեսչությունների կողմից տրված դիտողությունների հիման վրա, հակառակ դեպքում ներկայացված դիտողությունները հաշվի չառնելու դեպքում ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորում չի կատարվի:

 Ահարոն Սահակյանը ևս մեկ անգամ ընդգծել է իրականացվող աշխատանքների որակի բարձրացման և դրանց ժամկետներում կատարման ապահովման անհրաժեշտությունը:

 Ի դեպ, 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզում կիրականացվի 102 կմ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ`շուրջ 13,5 մլրդ դրամ բյուջեով:

 Թվով 12 ճանապարհների մրցույթներն արդեն իրականացվել են, իսկ 6-ում արդեն իսկ մեկնարկել են շինարարական աշխատանքներ:
Այս մասին առաջիկայում ընդգրկուն հրապարակում կլինի:

 Նիստի օրակարգում անդրադարձ է կատարվել նաև ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման ընթացքին, ինչպես նաև ամենօրյա անմիջական հսկողության ներքո պահել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների, հողերի օտարման, դրանց հողային պաստառներում համայնքների ղեկավարների կողմից տրված շինթույլտվությունների օրինականության գործընթացին:

 Մարզխորհրդի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացին և մարզի տարեկան հողային հաշվեկշռին:
Կոտայքի մարզում վերապատրաստման գործընթացն իրականացվում է բարձր մակարդակով և համայնքային ծառայողների մասնակցության ակտիվությունը շատ բարձր է, արդյունքը՝ գոհացուցիչ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50