Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը 2023 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ
26.06.2023
Հանրապետության և, մասնավորապես, Կոտայքի մարզի սիրելի՛ զորակոչիկներ,
մեկնարկում է 2023 թվականի ամառային զորակոչը:
Այսօրվանից ձեզ համար սկսվում է կյանքի նոր փուլ, որն, անշուշտ, տարբերվում է ձեր կյանքի բնականոն ընթացքից:
Այսօր դուք նոր պարտավորություն եք ստաձնում՝ պաշտպանելու մեր պետության սահմանները և ապահովելու մեր սահմանների անվտանգությունը:
Սա մի փուլ է, որտեղ դուք կոփվելու եք որպես հայ տղամարդ՝ հայրենասեր, պատվախնդիր, պատասխանատու:
Տղե՛րք,
ձեր կյանքի այս նոր փուլում եղեք զգոն, ընկերասեր, շրջահայաց, յուրաքանչյուր իրավիճակում չկորցնեք այս կարևոր հատկանիշները՝ գործելով որպես սեփական պարտականությունները քաջ գիտակցող, սթափ, խիզախ ու արի Զինվոր:
Ձեր հրամանատարներին վերաբերեք որպես ավագ ընկերների, նրանցից քաղեք լավագույնը, որպեսզի նոր փորձություններով ու բացահայտումներով լի երկու տարիները հաղթահարեք հեշտությամբ:
Իսկ մեր մաղթանքը մեկն է՝ խաղաղ և անփորձանք ծառայություն, ձեր ծնողներին ու հարազատներին էլ՝ հպարտության զգացումին միախառնված համբերություն և ուժ: