Նորություններ
Լրահոս
Խոհրդակցություն դպրոցների տնօրենների հետ
23.05.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի բոլոր դպրոցների տնօրենների հետ:
Խորհրդակցությանը մասնակցել է նաև մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը:
Ուսումնական տարին ավարտվում է ու առջևում «Վերջին զանգ» միջոցառումն է, որի պատշաճ անցկացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել զրուցելու մարզի դպրոցների տնօրենների հետ, քննարկելու հուզող հարցերն ու խնդիրները:
Կարեն Հունանյանը Կոտայքի մարզպետի անունից խստագույնս հանձնարարել և հորդորել է ամենայն ուշադրությամբ հետևել և վերահսկել, որպեսզի մարզի դպրոցներում բացառվի դրամահավաքության ցանկացած դեպք կամ արատավոր այլ երևույթ, միջոցառումն ավելի շատ ուղղված լինի կրթության այս փուլի ամփոփմանը, այլ ոչ ծնողների համար հավելյալ բեռի ավելացմանը:
Քանի որ առջևում նաև քննական շրջանն է, ուստի տնօրենների հետ քննարկվել են այս ուղղությամբ նախատեսվող քայլերը, մասնավորապես, ընդգծվել է օբյեկտիվ, արդար և սկզբունքային գնահատման կարևորությունը՝ բացառելու գնահատող հանձնաժողովների կողմից որևէ անարդար, ոչ օբյեկտիվ վերաբերմունքի դրսևորում:
Համակարգված աշխատանքի արդյունքում պետք է անել առավելագույնը, որպեսզի քննական շրջանը մարզի դպրոցներում բարձր մակարդակով անցնի՝ պայմանավորված բացառապես արդարությամբ ու անկողմնակալ վերաբերմունքով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթական գործընթացին վերաբերող այլ հարցեր ևս: