Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում
19.05.2023
ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը և Կոտայքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են Կոտայքի մարզի մի շարք կրթական ու մշակութային հաստատություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում:
Առաջին կանգառը Եղվարդ քաղաքի «AV» թատրոն-ստուդիան էր, որը հիմնադրվել է 2022 թ. հոկտեմբերին: Հյուրերը նախ շրջել են թատրոնի փոքրիկ տարածքում, ծանոթացել փորձասենյակի և դահլիճի պայմաններին, ապա դիտել «Ամանդա» նորարարական պլաստիկ ներկայացումը, որը շուրջ կես տարի գործող թատրոն-ստուդիայի բեմադրած երկրորդ ներկայացումն էր։
Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանը Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանի և Կոտայքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Հունանյանի հետ այցելել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ծանոթացել է դպրոցի հիմնակառուցման աշխատանքներին։
Դպրոցը կառուցվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում․ դպրոցի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին:
Շինարարական ընկերության պատասխանատուն ներկայացրել է իրականացվող աշխատանքները՝ վստահեցնելով, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան՝ սահմանված նորմերի պահպանմամբ։
Դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանը փաստել է, որ կառուցվում է ժամանակակից ենթակառուցվածքներով, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով, լաբորատորիաններով, մեծ մարզադահլիճով ուսումնական հաստատություն, որը կունենա բարեկարգված, խնամված ու կանաչապատ տարածք և կապահովի որակյալ կրթության համար բարենպաստ կրթական միջավայր:
Այցի հաջորդ կանգառը Կաթնաղբյուր բնակավայրում էր, որտեղ ընթանում են հիմնական դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Այստեղ կառուցվում է մոդուլային նոր դպրոց, որի հիմնական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Դպրոցն ըստ շինարարի շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: