Նորություններ
Լրահոս
Կոտայքում արվեստն է գերիշխում
16.05.2023
«Քո արվեստը դպրոցում» մշակութային ծրագրի շրջանակում մայիսի 10-12-ը Կոտայքի մարզ են այցելել և մարզի շուրջ 40 դպրոցների ավելի քան 750 աշակերտների հետ հանդիպել արվեստի և մշակույթի հանրահայտ և սիրված գործիչներ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը:
Հանդիպումների շարքը մեկնարկել է Քասախի արվեստի մշակութային դպրոց-ստուդիայում մայիսի 10-ին. ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը հանդիպում-զրույց է անցկացրել Եղվարդի, Քասախի, Պռոշյանի, Քանաքեռավանի, Զովունիի, Նոր Հաճնի, Մրգաշենի և Զորավանի հանրակրթական հաստատությունների ուսուցիչների և շուրջ 190 աշակերտների հետ:
Մայիսի 11-ին Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը հանդիպում-զրույց է անցկացրեց շուրջ 360 աշակերտների հետ։
Հանդիպման ընթացքում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Արթուր Գրիգորյանը և Արմեն Պուչինյանը կատարել են մի քանի ստեղծագործություններ։
Իսկ մայիսի 12-ին Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում շուրջ 200 աշակերտների հետ հանդիպում-զրույց է անցկացրել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը։
Նշենք, որ «Քո արվեստը դպրոցում» մշակութային ծրագիրը դասախոսություն-հանդիպումների շարք է հայտնի արվեստագետների հետ՝ նախատեսված 8-12-րդ դասարանի աշակերտների համար։ Ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-մշակութային կազմակերպություն, աշակերտ-արվեստագետ կապը, ծանոթացնել երիտասարդ սերնդին մեր ժամանակակից արվեստագետներին, նրանց անցած ուղուն, ձեռքբերումներին, Հայաստանում ներկայումս առկա մշակութային հիմնահարցերին: