Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել Մարզի խորհրդի նիստ

24.03.2023

 Մարզի համայնքների,  մարզպետարանի  ստորաբաժանումների  ղեկավարների, մարզի առողջապահական հաստատությունների և մի շարք ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի՝ 2023 թվականի առաջին նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

 Ընդլայնված   կազմով   նիստի  մեկնարկին   մարզպետը  ներկայացրել է Ոստիկանության Կոտայքի վարզային վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուբեն Դավթյանին և Կոտայքի մարզային պարեկային ծառայության պետ, փոխգնդապետ Արտյոմ Սահակյանին՝ մաղթելով նրանց խաղաղ ծառայություն:

 Օրակարգի  առաջին  հարցը վերաբերում էր  մարզում  պարեկային ծառայության գործունեությանը: Համայնքների ղեկավարների կողմից հնչել են մի շարք հարցեր, որոնք պարզաբանում են ստացել պարեկային ծառայության պետի կողմից:

 Մարզպետն  առաջարկել է  սերտացնել  համագործակցությունը  համայնքների և ծառայության միջև, որպեսզի արդյունքում մեր քաղաքացիներն ունենան առավել ապահով միջավայր և բարձրացված խնդիրներին արագ արձագանք տրվի:

 Մարզխորհրդի  նիստի  օրակարգի  2-րդ կետի  զեկույցով հանդես է եկել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը՝ ներկայացնելով գյուղատնտեսական տարվա մեկնարկով պայմանավորված աշխատանքների ծավալն ու հնարավոր խնդիրները:

 Մարզպետին  ներկայացվել  է,  որ 2021  թվականի  համեմատությամբ 2022 թվականին շուրջ 825 հա-ով ավելացել են ոռոգվող հողատարածքները, ինչն էլ ջրօգտագործողների ընկերության և համայնքների ճիշտ համագործակցության արդյունք է:

 Անդրադարձ  է  կատարվել  ոռոգման  սեզոնի  հետ կապված անելիքներին և այդ կոնտեքստում Կոտայք ՋՕԸ-ի կողմից իրականացվող աշխատանքներին:

 Նիստին ներկա  Կոտայք ՋՕԸ  տնօրեն  Գոռ Հակոբյանը խոսել է ոռոգման սեզոնի մեկնարկից և ներկայացրել խնդիրները:

 Մարզպետը  կարևորել է այնպիսի  մեխանիզմների  կիրառումը, որոնք նպաստելու են ոռոգման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և գյուղացիական տնտեսությունների խնդիրների կրճատմանը:

 Օրակարգի  3-րդ  կետի զեկույցով  հանդես  է եկել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Ելենա Լյուլինան՝ ներկայացնելով մարզի առողջապահական հաստատությունների 2022 թվականի կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:

 Ահարոն  Սահակյանն անդրադարձել է  մարզի ծննդատներում ծնելիության ցուցանիշներին՝ ընդգծելով բնակավայրերի բուժամբուլատորիաների հետ համայնքների և մարզպետարանի առողջապահության վարչության կողմից համատեղ բացատրական աշխատանքների կարևորությունը՝ մարզի ծննդատներում ծնելիության ցուցանիշները բարձրացնելու համար:

 Հաջորդիվ զեկույցով հանդես է եկել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հրաչյա Վարդանյանը՝ ներկայացնելով մարզի համայնքներում 2022 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Այս պահին 2022 թվականի 60 սուբվենցիոն ծրագրերից 35-ն ավարտված են, 25-ը գտնվում են ընթացքի մեջ:

 Ներկայացվել է նաև 2022 թվականին մարզում պետական բյուջով իրականացված ճանապարհաշինական աշխատանքները, ինչպես նաև 2023 թվականին հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածները:
Ի դեպ, առաջիկայում այդ ճանապարհահատվածների ցանկը կներկայացենք հանրությանը:

 Ներկայացվել է  նաև  համայնքներում ինքնակամ կառուցված շինությունների ներկա պատկերը և ապօրինի կառուցապատումների դեպքերի կանխման ու կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

 Մարզպետն  առանձնահատուկ  ընդգծել  է  արձանագրված  դեպքերը օրինականացման դաշտ բերելու անհրաժեշտությունը՝ բացառելով հետագա ապօրինի կառուցապատումները:

 Ահարոն Սահակյանն առաջարկել է համայնքների ղեկավարներին լինել առավել հետևողական այս հարցին վերջնական լուծում տալու նպատակով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50