Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Պռոշյանում քննարկել է դպրոցի նոր մասնաշենքի կառուցման հարցը
17.03.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն իր խորհրդական Հայկ Ալեքսանյանի և օգնականի՝ Ստեփան Բաղդասարյանի հետ աշխատանքային այց է կատարել Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայր:
Համայնքի ավագանու անդամ Անահիտ Առաքելյանի նախաձեռնությամբ Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցում հանդիպում է կազմակերպվել, որի ընթացքում համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, Պռոշյանի վարչական ղեկավար Սևակ Գաբրիելյանի, համայնքի ավագանու անդամների, ոլորտի պատասխանատուների և դպրոցի տնօրինության հետ քննարկվել են միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման հնարավորությունները:
Բանն այն է, որ դպրոցն աշխատում է գերծանրաբեռնված' երկու հերթափոխով. դպրոց են հաճախում շուրջ 696 աշակերտներ և նոր մասնաշենքի կառուցման անհրաժեշտությունն օրակարգային է դառնում:
Մարզի ղեկավարը շրջայց է կատարել, դիտարկել դպրոցի այն տարածքը, որը կարող է նոր մասնաշենքի կառուցման հիմք դառնալ, ապա ներկաների հետ քննարկել ամենասեղմ ժամկետներում' ծրագիրն իրականացնելու տարբերակներն ու ուղիները:
Միաժամանակ, 2023 թվականի ամռանը նախատեսվում է նաև Պռոշյանի մշակույթի տան լիարժեք կահավորում և հետևաբար նոր խմբակների բացում, ինչը կլուծի բնակավայրի երեխաների զբաղվածության և ժամանցի հարցը: